ԱՄՆ Սենատի արտաքին գործերի հանձնաժողովի ղեկավար Բոբ Մենենդեսը, Չեխիայի, Լատվիայի, Գերմանիայի, Լիտվայի, Իռլանդիայի, Լեհաստանի եւ Մեծ Բրիտանիայի գործընկերների հետ միասին, հայտարարություն է տարածել Մինսկում Ryanair-ի ինքնաթիռի արտակարգ վայրէջքի կապակցությամբ եւ կոչ է արել արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Մենք կոչ ենք անում Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությանն (ICAO) անհապաղ հետաքննել պետությունների միջեւ ազատ տարանցման ակնհայտ խախտումը եւ սպառնալիքներն ավիացիայի համար»,- ասված է Մենենդեսի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ:
Օրենսդիրները կոչ են արել դադարեցնել Բելառուսի անդամակցությունն ICAO-ին եւ «արգելել բոլոր թռիչքները Բելառուսի վրայով, այդ թվում` թռիչքները դեպի երկիր եւ երկրից», քանի դեռ հետաքննություն չի կատարվել:
Բացի այդ, հաղորդագրությունն առաջարկ է պարունակում ՆԱՏՕ-ի եւ ԵՄ երկրներին` պատժամիջոցներ կիրառել Մինսկի դեմ եւ կասեցնել Բելառուսի իշխանությունների կողմից «Ինտերպոլի եւ այլ միջազգային կազմակերպությունների օգտագործման հնարավորությունը Եվրոպայում ժողովրդավարության դեմ հետագա հարձակումների համար»:
«Մենք կոչ ենք անում անհապաղ եւ անվերապահորեն ազատ արձակել Ռոման Պրոտասեւիչին եւ բոլոր մյուս քաղբանտարկյալներին»,- նշվում է փաստաթղթում:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ryanair-ի օդանավը ականապատման մասին հաղորդումից հետո շտապ վայրէջք է կատարել Բելառուսի մայրաքաղաքում: Ապա պարզվեց, որ հաղորդումը կեղծ էր: Ուղեւորների թվում էր ընդդիմադիր Nexta Telegram ալիքի հիմնադիր Ռոման Պրոտասեւիչը, ում բերման ենթարկեցին փաստաթղթերը ստուգելիս:
Ինչպես պարզաբանել են Բելառուսի Պաշտպանության նախարարությունում, ինքնաթիռն ուղեկցելու համար օդ է բարձրացվել «ՄիԳ -29» կործանիչը:
ԵՄ երկրների շատ քաղաքական գործիչներ եւ եվրոպացի պաշտոնյաներ կոչ են անում միջազգայնորեն հետաքննել միջադեպը, որը նրանք երրորդ երկրների տարածքում ԵՄ երկու պետությունների միջեւ թռնող ինքնաթիռի հարկադիր վայրէջք են համարում:





























