Եվրամիությունը կանչել է ԵՄ-ում Բելառուսի մշտական ներկայացուցիչ Ալեքսանդր Միխնեւիչին՝ Մինսկում Ryanair ավիաընկերության ինքնաթիռի հետ կապված միջադեպի պատճառով: Այս մասին ասվում է ԵՄ արտաքին քաղաքական գերատեսչության հայտարարության մեջ, որը երկուշաբթի տարածվել է Բրյուսելում:

«Բարձրագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելի խնդրանքով Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության գլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն կանչել է Եվրամիությունում Բելառուսի Հանրապետության դեսպան Ալեքսանդր Միխնեւիչին, որպեսզի դատապարտի Բելառուսի իշխանությունների անընդունելի քայլը, որոնք քաղաքացիական ինքնաթիռին ստիպել են արտակարգ վայրէջք կատարել Մինսկում եւ ձերբակալել են նրա ուղեւոր, բելառուսական անկախ լրագրող եւ ակտիվիստ Ռոման Պրոտասեւիչին»,- ասվում է տեքստում: