Տրոլեյբուսներից հրաժարվելու կամ դրանց ուղեվարձը բարձրացնելու ծրագրեր այս պահի դրությամբ չկան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում այս մասին հայատարարեց Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը՝ պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ մետրոյի սակագնի կրկնակի բարձրացմանը զուգահեռ՝ թանկանա նաեւ տրոլեյբուսի ուղեվարձը։
Նրա խոսքով, առաջիկայում չի նախատեսվում ոչ միայն տրոլեյբուսների, այլ նաեւ տրանսպորտային մյուս միջոցների սակագների թանկացում։ «Ինչ վերաբերում է տրոլեյբուսներից առհասարակ հրաժարվելու մասին խոսակցություններին, ապա դրանք իրականությանը չեն համապատասխանում։ Ավելին, անում ենք ամեն բան, որպեսզի ուղեւորների համար տրանսպորտի այդ տեսակն առավել հրապուրիչ դարձնենք։ Oրինակ, նախատեսում ենք տրոլեյբուսներում անվճար Wi Fi ինտերնետային կապ ապահովել, վերանորոգել հին շարժակազմը»,- տեղեկացրեց Նավասարդյանը։
Տրանսպորտի վարչության պետի խոսքով, վերջին երեք տարիների ընթացքում Հայաստան 38 նոր տրոլեյբուս է ներկրվել: Ամեն օր Երեւանի փողոցներ են դուրս գալիս շուրջ 55-57 տրոլեյբուսներ` 6 երթուղով: Սակայն տրանսպորտային այս միջոցից օգտվողների թիվը շատ փոքր է. ըստ վիճակագրական տվյալների՝ մայրաքաղաքի բնակչության ընդամենը 2,2 տոկոսը։
Նավասարդյանը գործնականում բացառեց նաեւ, որ Երեւանում կվերականգնվեն տրամվայի գծերը։ Նրա խոսքով, գծերի ապամոտնտաժման աշխատանքներն այսօր էլ դեռ շարւնակվում են։
Նշենք, որ հուլիսի 1-ից կգործի մետրոյի 100 դրամ սակագինը՝ ներկայիս 50 դրամի փոխարեն։




























