Թուրք դատախազը 34 ցմահ ազատազրկում է պահանջել Սուրուչ քաղաքում ահաբեկչության գործով միակ մեղադրյալ Յակուպ Շահինի համար՝ առանց պայմանական վաղաժամկետ ազատման հնարավորության, հայտնել է BirGün թերթը:

2015 թվականի հուլիսի 20-ին Սիրիայի հետ սահմանին գտնվող Սուրուչ քաղաքում մահապարտ ահաբեկիչը հարձակվել է ձախ ակտիվիստների խմբի վրա, որոնք նյութեր են տեղափոխելիս եղել «Իսլամական պետության» (ԴԱԻՇ) օկուպացիայից ազատագրված Սիրիայի քրդական Կոբանի քաղաքը վերականգնելու համար: Պայթյունի հետեւանքով զոհվել է 34 մարդ, վիրավորվել՝ 70-ը:

Շանլիուրֆայում գործի 19-րդ ​​լսումների ժամանակ Շահինը բանտից տեսահսկման համակարգի միջոցով ցուցմունք է տվել եւ պնդել, որ չի իմացել, որ պայթյունի գործով դատարանի առաջ է կանգնելու:

Դատարանը որոշել է երկարաձգել Շահինի կալանքը եւ հետաձգել է լսումները: Դատավորները նաեւ ձերբակալման օրդեր են տվել արդարադատությունից խուսափող կասկածյալներ Դենիզ Բյուկչելեբիին եւ Իլհամ Բալիին: