Վիետնամի պատերազմի ընթացքում Թաիլանդից գողացված երկու հնագույն ավազաքարի արտեֆակտները ուրբաթ երեկոյան Միացյալ Նահանգներից կվերադառնան երկիր, հայտնում է AFP-ն:
Տաճարի հենասյուները, իրենց նուրբ փորագրություններով, որոնք պատկերում են հինդուական աստվածներ Ինդրային եւ Յամային, թվագրվում են 10-11-րդ դարերի վերջին եւ տասնամյակներ շարունակ ցուցադրվել են Սան Ֆրանցիսկոյի ասիական արվեստի թանգարանում:
Ակնկալվում է, որ դրանք ուրբաթ երեկոյան վայրէջք կկատարեն Բանգկոկում, իսկ հատուկ արարողությունից հետո երեք ամիս կցուցադրվեն Ազգային թանգարանում:
Թաիլանդի գեղարվեստի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Պրեպեպ Պենգտակոն ասել է, որ իրերը մոտ 1000 տարեկան են եւ ցույց են տալիս հին քմերական թագավորության ազդեցությունը, որի մայրաքաղաքը ներկայիս Կամբոջայում է:
«Դրանք կամբոջական հինավուրց տաճարների մի մասն են»,- ասել է նա: «Պարզվել է, որ դրանք գողացել են 1958 - 1969 թվականների միջեւ ընկած ժամանակահատվածում: Մասնավորապես, 1965-66 թվականներին թաիլանդական շատ արտեֆակտներ են անհետացել»:
«Այս հնաոճ իրերի վերադարձը մեծ պատմական, հնագիտական եւ մշակութային նշանակություն ունի Թաիլանդի կառավարության եւ թաիլանդացի ժողովրդի համար»,- հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարարությունը:





























