Huawei Technologies չինական ընկերությունը հայտարարել է սմարթֆոնների համար իր Harmony օպերացիոն համակարգի (HarmonyOS) գործարկման մասին, հաղորդել է Reuters-ը:

Huawei-ը չորեքշաբթի երեկոյան իր սմարթֆոնների որոշ մոդելների համար կսկսի գործարկել HarmonyOS-ը՝ օգտվողներին հնարավորություն տալով անցում կատարել Google-ի Android հարթակի վրա հիմնված ներկա օպերացիոն համակարգից: 

HarmonyOS-ի կիրառումը նշանակում է, որ ընկերությունն այլեւս ամբողջովին չի ապավինելու Android-ին: ԱՄՆ-ի պատժամիջոցները արգելել են Google Alphabet Inc-ին տեխնիկական աջակցություն տրամադրել Huawei հեռախոսի նոր մոդելներին եւ օգտվել Google Mobile Services- ից:

Huawei-ը նախատեսում է HarmonyOS-ը գործարկել 200 միլիոն սմարթֆոնների եւ 100 միլիոն կողմնակի խելացի սարքերի համար մինչեւ տարեվերջ, ասել է Huawei Consumer Business Group-ի ծրագրային ապահովման բաժնի նախագահ Վան Չենլուն:

Չինաստանի հեռահաղորդակցության սարքավորումների առաջատար արտադրողը 2019 թվականի մայիսին հայտնվել է Միացյալ Նահանգների «սեւ ցուցակում»՝ ազգային անվտանգության նկատառումներից ելնելով:

Արգելքը հսկայական ճնշում է գործադրել Huawei-ի հեռախոսային բիզնեսի վրա: Ժամանակին սմարթֆոններ արտադրող խոշորագույն Huawei ընկերությունը այժմ առաջին եռամսյակում շուկայում իր 4 տոկոս մասնաբաժնով աշխարհում վեցերորդ տեղն է զբաղեցնում:

Սակայն Վանն ասել է, որ ընկերությունը HarmonyOS-ով դուրս է գալիս սմարթֆոնների շրջանակներից: Նա նշել է, որ սմարթֆոնները շարունակում են մարդկանց կյանքում գերակշռող սարքավորումներ մնալ հիմնականում այն ​​պատճառով, որ նախագծողների մեծամասնությունը նախագծման այլ հարթակներ քիչ ունի:

Նրա խոսքով՝ անհրաժեշտություն էր առաջացել մի համակարգի, որը կլրացներ սարքավորումների միջեւ բացը: «Գոյություն ունեցող օպերացիոն համակարգերի խնդիրն այն է, որ սարքավորումները չեն կարողանում հեշտությամբ միանալ դրանց», եւ օգտվողները հաճախ ստիպված են լինում ներբեռնել առանձին ծրագրեր դրանք միացնելու համար: Սակայն Harmony-ն թույլ է տալիս սարքավորումներին միավորվել՝ դառնալով գերսարքավորում: Այն գործելու է որպես մեկ ֆայլային համակարգ, բառացիորեն որպես մեկ սարքավորում», - ասել է նա:

Վանը նշել է, որ ողջունում է սմարթֆոնների այլ արտադրողների կողմից HarmonyOS-ի օգտագործումը, սակայն ավելացրել է, որ Huawei-ը մեծ հնարավորություններ է տեսնում այլ սարքավորումներ արտադրողների հետ աշխատանքում: