Twitter Inc.-ը թողարկում է Twitter Blue անվանմամբ նոր արտադրանք, որը թույլ կտա վճարովի օգտվողներին հրապարակելուց առաջ խմբագրել իրենց թվիթները եւ փոխել իրենց հավելվածի գունային թեման: Այն սկզբում հասանելի կլինի Ավստրալիայում եւ Կանադայում:
Twitter-ի ակտիվ օգտվողները, որոնք տարիներ շարունակ «փոփոխել» գործառույթ էին պահանջում՝ իրենց թվիթներում տառասխալները ուղղելու համար, այժմ կկարողանան մինչեւ 30 վայրկյան ժամանակաչափ սահմանել, ինչը նրանց հնարավորություն կտա սեղմել «չեղարկել» կոճակը եւ տեղադրելուց առաջ խմբագրել թվիթները:
Նոր գործառույթը նաեւ հնարավորություն կտա օգտվողներին դասավորել իրենց պահած թվիթները էջանիշների պանակների մեջ, որպեսզի հետագայում նրանք հեշտությամբ գտնեն դրանք:
Ըստ Twitter-ի՝ մի քանի թվիթների երկար շղթան ավելի հեշտ կլինի կարդալ նոր «ընթերցման ռեժիմում»:
Twitter Blue-ն ամսական կարժենա 3,49 կանադական (2,90 ամերիկյան) կամ 4.49 ավսրալական (3,48 ամերիկյան) դոլար:
Apple App Store-ում հավելվածի մասին տեղեկատվության համաձայն, ԱՄՆ-ում այս ծառայությունը կարժենա ամսական 2,99 դոլար:





























