Հանգստյան օրերին դոլարը շարւնակեց արժեզրկվել, եւ Երեւանում դժվար էր գտնել մի այնպիսի փոխանակման կետ, որը դոլարի համար վճարեր 370 դրամից ավելի: Մարդկանց, բնականաբար, հետաքրքրում է`որքա՞ն կտեւի դոլարի վայրէջքը, կամ գուցե ամերիկյան արժույթը չդիմանա հայկական շոգին ու աղետի ենթարկվի: Նշենք, որ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը վերջերս հայտարարեց, որ ամառային ամիսներին հայկական դրամը դոլարի նկատմամբ ավանդաբար ուժեղանում է, սակայն ԿԲ-ն այս տարի թույլ չի տա «դրամի շատ ուժեղացում»:

Ըստ այն հաղորդագրության, որ ստացվում է Կենտրոնական բանկից, այդ գերատեսչությունը ոչ անցյալ, ոչ էլ նախանցյալ շաբաթ չի միջամտել փոխարժեքին: Այսինքն` արժութային շուկայում ԿԲ-ի կողմից արտարժույթի առուվաճառքի գործարք տեղի չի ունեցել: Հետեւաբար` ԿԲ-ում համարում են, որ դրամի 5-6 կետով թանկացումն այնքան էլ վտանգավոր չէ, եւ դեռ կարելի է սպասել:

Սակայն, մեր կարծիքով, այստեղ առկա են թաքնված ռիսկեր: Դրամի շարունակական արժեւորումը տնտեսությունում կարող է առաջացնել ձնագնդի էֆեկտ: Մեր բանկային համակարգի ակտիվների ու պասիվների 70 տոկոսից ավելին դոլարային են, ու նույնիսկ դժվար է կանխատեսել դոլարի վիճակը, եթե այդ միջոցների մի մասը արժութային շուկայում փոխանակվի դրամի հետ: Ապադոլարիզացիան, ընդհանուր առմամբ, ցանկալի գործընթաց է, բայց եթե այն տեղի է ունենում կտրուկ, ապա հանգեցնում է փոխարժեքային ապակայունացման: Իսկ դրամի արժեւորումը բացառապես ապադոլարիզացիայով պայմանավորված` տնտեսության վրա կունենա միայն բացասական ազդեցություն:

Ավելին, եթե ապադոլարիզացիայի ծավալները աճեն, ապա ԿԲ-ին չի հաջողվի կանխել դրամի «շատ ուժեղացումը»: Ավելորդ դոլարները գնելու համար ԿԲ-ն ստիպված կլինի դրամի էմիսիա իրականացնել, իսկ դա իր հերթին կառաջացնի գնաճային ճնշում: Ուստի ճիշտ կլիներ, որ ԿԲ-ն դոլարի արժեզրկման կանխման ուղղությամբ աստիճանական քայլեր իրականացներ` թույլ չտալով ճգնաժամային իրավիճակների առաջացումը:

Գյուղմթերքների գնումները կազմակերպելու համար ներկայում մեծ քանակությամբ դոլար է մտնում շրջանառություն, դոլարային հոսքերի ակտիվացում կլինի նաեւ հանգստի սեզոնի հետ կապված: Խոսքը մոտ 100 մլն հավելյալ դոլարների մասին է, որ հայտնվելու է շուկայում:

Կարծում ենք`դրանց աստիճանական ներքաշումը եւ միջազգային պահուստների համալրումը առավել ճիշտ մոտեցում կլիներ: Արժութային շուկայում դա կունենա հովացման էֆեկտ, ու դոլարը շոգերին մի կերպ կդիմանա:

Սամվել Ավագյան