Լեռնային Ղարաբաղին հարակից ազատագրված տարածքների բնակիչները պատրաստ են արյամբ պաշտպանել իրենց հողը: Այդ մասին նրանք հայտնել են «Ճանաչիր քո երկիրը» նախաձեռնության անդամ 50 երեւանցի երիտասարդներին, ովքեր Կազայի հանդիպման օրն այցելել էին Արցախի Քարվաճառի եւ Շահումյանի շրջաններ:

Նախաձեռնությունից NEWS.am-ին հայտնում են, որ երիտասարդները նվերներով այցելել են 12 բնակավայր, շփվել տեղի բնակիչների հետ:

Թեեւ արցախցիները քաջատեղյակ էին կազանյան հանդիպման մասին, դրա ընթացքը եւ ելքը նրանց քիչ էր հետաքրքրում: «Ազատագրված տարածքների որեւէ զիջում անհնար է, ո՞վ է արյունով գրաված հողերը խոսքով հետ տալիս»,- ասել են քարվաճառցիներն ու շահումյանցիները:

«Հարկ եղած դեպքում պատրա՞ստ եք կրկին պատերազմել Ձեր հայրենիքը պաշտպանելու համար» հարցից ազատագրված շրջանների բնակիչները վիրավորվում էին ու հաճախ արհամարհական քմծիծաղ տալիս:

Քաշաթաղում անգամ տատիկներն են պատրաստ վերհիշել պատերազմի ընթացքում ձեռք բերած կարողությունները: 70-ամյ Ելենա Գեւորգյանը երիտասարդների հետ զրույցում ասել է, որ ազատագրված տարածքների հանդեպ ցանկացած ոտնձգության դեպքում առաջինն է մարտի դաշտ գնալու: «Անցած 20 տարվա ընթացքում կրակելու ունակությունս չեմ կորցրել»,- վստահեցրել է նա:

Քարվաճառի Զուառ գյուղի բնակիչներն էլ երեւանցի երիտասարդների հետ հանդիպման ժամանակ բոլորը միասին հանպատրաստից սկսել են երգել Հայաստանի Զինված ուժերի օրհներգը` «Երազ իմ երկիր հայրենի»: