Գյումրիում շտապօգնության բժշկին սպանողին բերման են ենթարկել ոստիկանության Գյումրիի բաժին:
Ինչպես NEWS.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Գյումրիի բաժին հունիսի 26-ին` ժամը 23.30-ի սահմաններում, ահազանգ է ստացվել շտապօգնության կայանից, որ թիվ 10 բրիգադը կանչով մեկնել է Գյումրի քաղաքի Կոմինտերնի փողոցի 2-րդ նրբանցքի 13 տուն, որտեղ նշված հասցեի բնակիչները վիճաբանել են շտապօգնության աշխատակիցների հետ:
Դեպքի վայր ժամանած Գյումրիի ոստիկանության օպերատիվ խումբը նշված հասցեում հայտնաբերել են թիվ 10 բրիգադի բժիշկ, վիրաբույժ, Արթիկ քաղաքի բնակիչ 65-ամյա Աշոտ Գրիգորյանի դին:
Ոստիկանության օպերատիվ խմբի կանչով արդեն նշված հասցե է մեկնել քննչական խումբը` ոստիկանության Գյումրիի բաժնի պետ Արթուր Բիչախչյանի, ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունքի պետ Արամ Ղարիբյանի գլխավորությամբ:
Արդեն դեպքի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատկապես կարեւորագույն գործերով ավագ քննիչ Վահրամ Բեյբությանը:
Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ Աշոտ Գրիգորյանին ծեծի է ենթարկել 28-ամյա Արտակ Կարապետյանը:
Դեպքի վայրում հարեւանները պատմել են, որ Արտակի հայրը վատ է զգացել, որի համար շտապ բուժօգնություն են կանչել: Շտապօգնության բրիգադը մի քանի րոպե ուշացել է, ինչն էլ զայրացրել է ոչ սթափ վիճակում գտնվող Արտակին: Վերջինս սկզբում տանը ծեծի է ենթարկել բժշկին, պատճառաբանելով, թե ինչու ես ուշացել: Իսկ երբ բժիշկը օգնություն է ցուցաբերել հիվանդին` նրան դեղ ներարկելով եւ իջել բակ, Արտակն այս անգամ բակում է ծեծի ենթարկել բժշկին: Բժիշկը հենց մուտքի մոտ էլ մահացել է:
Ծեծին ներկա են եղել բուժքույր Լամարա Հարությունյանը եւ շտապօգնության վարորդը:
Քանի որ դատական բժիշկը ոստիկանությանը հայտնել է, որ, ըստ նախնական տեղեկությունների, բժշկի մարմնի եւ գլխի հատվածներում առկա են եղել բռնության հետքեր, ուստի օպերատիվ քննչական խումբը որպես կասկածյալ ոստիկանության Գյումրիի բաժնի 2-րդ բաժանմունք բերման է ենթարկել 28-ամյա Արտակ Կարապետյանին, սակայն նա դեռ չի ձերբակալվել:
Ոստիկանության Շիրակի մարզի քննչական բաժնում փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




Լուսանկարները եւ տեսանյութը` Գագիկ Շամշյանի




























