Մեզ ասում են՝ ինչո՞ւ եք փող ծախսել զինվորի սննդի վրա. իսկ որ մարդիկ գալիս էին մտնում զորամասեր, կոնֆետ էին շպրտում, զինվորները, ճանկռվելով, այդ կոնֆետների հետևից վազում էին, դրանից պետք է ինքդ քեզ գնդակահարեիր: Այս մասին այսօր՝ հունիսի 7-ին, Էջմիածնում իր համակիրների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ դիմելով նախկին իշխանություններին:
Ըստ Փաշինյանի՝ պատերազմի մեջ գտնվող պետության բանակը եղել է բարեգործությունների առարկա, իսկ զինվորների համար անհրաժեշտ պարագաները ծնողներն են ուղարկել:
«Ձեռք բերված զենքի 75-80 տոկոսը մեր կառավարության օրոք է տեղի ունեցել. իսկ դուք ո՞նց էինք բանակը կառավարում: Ձեր պատկերացումն այն էր, որ դուք պիտի հրամանատարներին բիզնեսներ տաք, զինվորների ծնողներին թալանեք, սկսած զինվորների արձակուրդայիններից զինվորներին չտաք: Զինվորները մի 2 հազար դրամ են ստանում, էդ էլ ձեռքներից առնեք: Մենք եկել ենք նույնիսկ այս չնչինգումարներն ենք կրկնապատկել:
Եթե դուք մեր արածի տեմպի 1/3-ը նախորդ 20 տարիներին պահեիք, մենք կունենայինք իսկապես անպարտելի բանակ:
Դքւք բանակի կենացը 20 տարի ոտքի վրա խմել եք, հետո պարզվել է, որ այն, ինչ դրված է այդ սեղանին, գողացել եք զինվորից:
Մեզ մեղադրում են՝ թե պետությունը քանդեցիք: Մենք ժառանգել ենք ստահոդ պետություն, որտեղ կա ֆուտլյար եւ չկա բովանդակություն, որովհետեւ բոլոր պետական ծառայողները առավոտյան գործի էին գնում ոչ թե մարդկանց ծառայելու, այլ գռփելու: Պետական ողջ համակարգը թաթախված է եղել կոռուցպայի մեջ՝ բանակով սկսած, դատարաններով շարունակած: Դուք դա գիտեք»,-ասաց Փաշինյանը:





























