Այսօր՝ հունիսի 7-ին, ժամը 18:00-ին տեղի է ունենալու «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավի պաշտոնական մեկնարկը:

Արարողության ժամանակ ներկայացվելու են դաշինքի նախընտրական ծրագիրը՝ իր առանձնահատկություններով, և գիտելիք, փորձ, կամք, խիղճ, երազանք ու պատիվ ունեցող՝ «Պատիվ ունեմ» դաշինքի թիմը:

Միջոցառումն ամբողջությամբ ուղիղ հեռարձակմամբ հրապարակվելու է և բաց կապով հասանելի է լինելու «Պատիվ ունեմ» դաշինքի պաշտոնական սոցիալական հարթակներում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ այն սկսվել է Տավուշի մարզից:

Քարոզարշավի առաջին օրը դաշինքը գլխավորող Արթուր Վանեցյանը թիմակիցների հետ եղել է Տավուշի մարզում։ Նա Դիլիջանում հանդիպում է ունեցել բնակիչների հետ, ներկայացրել դաշինքի նախընտրական ծրագրի հիմնական դրույթները, պատասխանել բնակիչներին հուզող հարցերին:

Տավուշցիներին առավելապես հետաքրքրել են «Պատիվ ունեմ» դաշինքի մոտեցումներն ու լուծման առաջարկները՝ կապված մեր երկրի անվտանգության, սահմանամերձ համայնքերի պաշտպանվածության ու հետագա զարգացման, Արցախի հիմնախնդրի լուծման, մեր պետության և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքների, գերիների վերադարձման հետ:

Արթուր Վանեցյանը հանդիպման մասնակիցներին անվտանգության ամրապնդման համատեքստում ներկայացրել է նաև իր գլխավորած դաշինքի պատկերացումները ՀՀ զինված ուժերի բարեփոխման վերաբերյալ: