Համաշխարհային բանկը թարմացնում է համաշխարհային աճի 2021 թվականի իր կանխատեսումը՝ նշելով, որ հարուստ երկրներում COVID-19-ի դեմ պատվաստումները եւ կառավարության միջոցառումները կհանգեցնեն աշխարհում վերջին հինգ տասնամյակում ամենաարագ աճի:

Համաշխարհային տնտեսական հեռանկարների վերաբերյալ իր վերջին զեկույցում աղքատության դեմ պայքարի գործակալությունը կանխատեսում է, որ այս տարի համաշխարհային տնտեսությունը կաճի 5,6%-ով, հունվարին կանխատեսված 4,1%-ի համեմատ: Համաշխարհային տնտեսությունը նախորդ տարի համավարակի պատճառով կրճատվել էր 3,5%-ով:

Կանխատեսված աճը 2021 թվականը կդարձնի աճի ամենաարագ տարին՝ 1973 թվականի 6,6%-ից հետո։

Բայց Համաշխարհային բանկը կանխատեսում է, որ 2021-ին վերականգնումը անհավասարաչափ կլինի՝ սպասվում է, որ զարգացած տնտեսությունների 90%-ը մյուս տարի կվերադառնա համավարակին նախորդող վիճակին։

Համաշխարհային բանկը կոչ է անում COVID-ի դեմ պատվաստումների լայն տարածման ցածր եկամուտ ունեցող երկրներում, որտեղ պատվաստումները դանդաղ են կատարվում:

Բանկն ակնկալում է, որ 2021 թվականին ԱՄՆ տնտեսությունը կաճի 6,8%-ով, հունվարին կանխատեսված 3,5%-ի փոխարեն։ Աշխարհի խոշորագույն տնտեսությունն անցյալ տարի կրճատվել է 3,5%-ով:

Կանխատեսվում է, որ Չինաստանը՝ աշխարհի մեծությամբ երկրորդ տնտեսությունը եւ առաջին երկիրը, որը դուրս է եկել կորոնավիրուսի հետեւանքով հետընթացից, 2021-ին կաճի 8,5%-ով՝ անցյալ տարվա ընդամենը 2,3% աճից հետո:

Ակնկալվում է,որ եվրո օգտագործող եվրոպական 19 երկրները գումարային կաճեն մինչեւ 4,2%՝ հաղթահարելով նախորդ տարվա 6,6% անկումը: Իսկ Ճապոնիայում այս տարի կանխատեսվում է 2,9% աճ` նախորդ տարվա արտադրության ծավալի 4,7% անկումից հետո: