Թուրքիան, տարերային աղետների կառավարման ծրագիր սկսելով, փորձում է փրկել Մարմարի ծովը, ծրագիրն ուղղված է ծովային կյանքին եւ ձկնորսությանը սպառնացող «փսլինքների» դեմ պայքարին:
Օրգանական նյութի հաստ շերտը, որը հայտնի է որպես ծովային լորձ, տարածվել է Ստամբուլից հարավ ծովի վրա՝ ծածկելով նավահանգիստներն ու առափնյա շերտերը, հաղորդում է Reuters-ը:
Բնապահպանության նախարար Մուրատ Կուրումն ասել է, որ ծովային մակերեսը մաքրելու եւ արգելապատնեշներ տեղադրելու համար 25 նավակ է աշխատում, ինչպես նաեւ 18 այլ նավ, որպեսզի լորձի տարածումը կանխվի: Նրա խոսքով՝ ապօրինի ձկնորսությունը եւ «ուրվական» ցանցերի օգտագործումը կդադարեցվեն, եւ Թուրքիան 2021-ի վերջին Մարմարան պահպանվող տարածք կհայտարարի:
«Այսօր մենք սկսում ենք մաքրել ինչպես ցամաքային, այնպես էլ ծովային 15 կետերում»,- ասել էաց Կուրումը: «Մենք վճռական ենք Մարմարի ծովը փրկելու հարցում, եւ մենք կփրկենք նրան»:
Նրա խոսքով՝ շուրջ 1000 բանվորներ թափոնները կհասցնեն ափ ու կտանեն քաղաքային օբյեկտներ:
Գիտնականներն ասում են, որ կլիմայի փոփոխությունն ու աղտոտումը նպաստել են այս նյութի տարածմանը, որը պարունակում է միկրոօրգանիզմների լայն շրջանակ եւ կարող է զարգանալ, երբ սննդանյութերով հարուստ կոյուղաջրերը լցվեն ծովի ջրի մեջ:





























