Թուրքական դատարանն արգելափակել է Անկարայի շրջանային վարչական դատարանի գլխավոր դատավորի վերաբերյալ թուրք մաֆիոի Սեդաթ Փեքերի կողմից հրապարակված վեց թվիթերի մուտքը` պատճառաբանելով անձնական իրավունքների խախտումը, հաղորդում է EngelliWeb ինտերնետում ազատության վերահսկման կազմակերպությունը:
Փեքերը դատավոր Էսաթա Թոքլուին մեղադրել է սեփական հարստացման նպատակով իր պաշտոնի օգտագործման մեջ: Վեց թվիթերի արգելքն առաջին սահմանափակումն է, որը Թուրքիան կիրառել է Փեքերի նկատմամբ սոցիալական ցանցերում այն բանից հետո, երբ նա մայիսի սկզբին սկսեց տեսանյութեր տեղադրել YouTube-ում: Թուրքիայում չորեքշաբթի ինը տեսանյութ հասանելի էր համացանցի օգտատերերին:
Փեքերն ավելի վաղ խոստացել էր, որ հունիսի 13-ին կհրապարակի մի տեսանյութ, որը տեղեկատվություն կտա Թուրքիայի ֆինանսների նախկին նախարար եւ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսայի` Բերաթ Ալբայրաքի մասին: Նա ասել է, որ կընդլայնի նաեւ նախկինում ներկայացված մեղադրանքները մեդիա մագնատ Յըլդըրըմ Դեմիրյորենի դեմ եւ կպատմի իշխանամետ լրագրող Ջեմ Քուչուկի գործունեության մասին:
Նա նաեւ նախատեսում էր Էրդողանին նվիրված տեսանյութ հրապարակել: Անցյալ շաբաթ Փեքերը հայտարարել էր, որ հետաձգում է դրա հրապարակումը մինչ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Էրդողանի` ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ նախատեսված հանդիպումը:





























