Եվրախորհրդարանականները հավանություն են տվել նոր «կորոնավիրուսային հավաստագրին», որը թույլ կտա մարդկանց տեղաշարժվել եվրոպական երկրներում՝ առանց կարանտինի անհրաժեշտության կամ կորոնավիրուսի լրացուցիչ թեստերի, տեղեկացնում է AP-ը։
Երկար սպասված հավաստագիրը կոչված է փրկելու եվրոպական զբոսաշրջային արդյունաբերությունը եւ հիմնական զբոսաշրջային օբյեկտները արձակուրդների եւս մեկ աղետալի սեզոնից։
Համակարգն արդեն սկսել են օգտագործել ԵՄ մի քանի երկրներ, այդ թվում Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիայի Հանրապետությունը, Դանիան, Գերմանիան, Հունաստանը եւ Լեհաստանը։
Այժմ ճանապարհորդությունները ԵՄ 27 երկրներում փորձություն են ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ ավիաընկերությունների համար։ Երկրներում կան COVID-19-ի սահմանափակումների տարբեր համակարգեր, կանաչները համարվում են անվտանգ, իսկ կարմիրներից ավելի լավ է խուսափել։ Բայց յուրաքանչյուր երկիր կիրառում է տարբեր կանոններ եւ չափորոշիչներ, ինչը մոլորեցնում է մարդկանց։
Քվեարկությունը դեռեւս պետք է հաստատվի ԵՄ երկրների կողմից, բայց դա, ամենայն հավանականությամբ, ձեւականություն է։
Դա նշանակում է, որ հուլիսի 1-ից 12 ամսվա ընթացքում ԵՄ բոլոր երկրները պետք է ունենան պատվաստանյութի հավաստագիրը։ Դրանք տրվելու են անվճար եւ հավաստելու են, որ մարդը կամ լրիվ պատվաստվել է վիրուսի դեմ, կամ նրա արդյունքները վերջերս եղել են բացասական, կամ նա ապաքինվել է։
Անցագրեր կտրվեն առանձին երկրների, այլ ոչ թե կենտրոնացված եվրոպական համակարգի կողմից։ Դրանք կպարունակեն QR-կոդ՝ անվտանգության ընդլայնված գործառույթներով։ Անհատական տվյալները այլ երկրների չեն հանձնվի։




























