Վստահ եմ, որ Արցախի մնացած մասն ի վերջո կճանաչվի անկախ պետություն, որի հետ մենք կինտեգրվենք: Այս մասին հունիսի 9-ին կայացած մամուլի ասուլիսում ասաց «Ազատություն» կուսակցության նախագահ Հրանտ Բագրատյանը:
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է չդադարեցնել ակտիվ աշխատանքը այն ուղղությամբ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը անընդհատ աշխատի:
«Թուրքիան արդեն մտածում է զանգվածային ոչնչացման զենք ստեղծելու մասին եւ, անշուշտ, դրանք կփոխանցի Ադրբեջանին: Եւ մենք հիմա պետք է մտածենք, թե ինչպես չեզոքացնել այդ սպառնալիքները: Չնայած, որ Թուրքիայի հետ ապրանքաշրջանառությունը 350 միլիոն դոլար է կազմում, դիվանագիտական հարաբերությունները նրա, ինչպես նաեւ Ադրբեջանի հետ անհնար են, քանի որ նրանք ուզում են ոչնչացնել մեզ: Մեր դաշնակիցը Ռուսաստանն է, իսկ ռազմավարական գործընկերները՝ Իրանը, Չինաստանը եւ ԵՄ-ն: Ես կողմ եմ տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, բայց դեմ եմ միջանցքին»,- ասաց Բագրատյանը:
Նա հայտնեց, որ Արցախի Հադրութի շրջանի Խծաբերդ եւ Հին Թաղեր գյուղերը հանձնել են, քանի հայկական կողմից քարտեզներով անգրագետ մարդ է աշխատել։
Ինչ վերաբերում է Սյունիքում տիրող իրավիճակին, Բագրատյանը նշեց, որ Շուռնուխից Գորիս տանող ամբողջ ճանապարհը գտնվում է Հայաստանի տարածքում: «Տեղի ունեցածը արձանագրության արդյունք է: Եւս երկու արձանագրություն կա: Ինչ վերաբերում է Սեւ լճին, ապա լիճը պետք է ուժով վերցվի, եթե ադրբեջանցիները խոսքեր չեն հասկանում»,- եզրափակեց կուսակցության ղեկավարը:





























