«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բանավեճի է հրավիրում Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին հայտնում է Մարուքյանը։

«Քարոզարշավը դեռ չմեկնարկած Նիկոլ Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրեց բանավեճի։ Բնականաբար իր համար հարմար օպոնենտներ է գտել եւ հրավիրում է բանավեճի՝ խոսելու անցյալի մասին, նրանք հրաժարվեցին իր հետ բանավիճել։ Քարոզարշավի արդեն երրորդ օրն է, նրանք բանավիճում են քյաբաբի մասին, իրար մեյդը փռելու մասին, ոտնատակ տալու մասին, իրար դուելի են կանչում. դա ոչ մի կապ չունի Հայաստանի ապագայի եւ ներկայի հետ։ Նիկոլ Փաշինյան, ես քեզ հրավիրում եմ բանավեճի՝ խոսելու ներկայի եւ ապագայի մասին։ Ակնհայտ է, որ այդ բանավեճն այն բանավեճը չէ, որը դու ցանկանում ես ունենալ նախկին նախագահների հետ, բայց դա այն բանավեճն է, որը ցանկանում է լսել ՀՀ քաղաքացին, որը կապ ունի մեր ներկայի եւ ապագայի հետ։ Պատրաստ եմ ցանկացած հեռուստաընկերության ուղիղ եթերում տետատետ բանավիճել այս խնդիրների շուրջ։ Սպասում եմ Նիկոլ Փաշինյանի պատասխանին»,- ասաց Մարուքյանը։