Ողբերգություն չի լինի, եթե խորհրդարանական ընտրությունների ժամանակ Հայ ազգային կոնգրեսը զբաղեցնի «Բարգավաճ Հայաստան» կուսակցության տեղերը։ Հունիսի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ԲՀԿ պատգամավոր Վարդան Բոստանջյանը։
«Եթե նման բան լինի, թող լինի։ ԲՀԿ-ն չի խանդում ՀԱԿ-ին եւ եւ այս առումով մտահոգություն չունի։ Դուք երեւի նկատել եք, որ հզոր մարդկանց համար ճանապարհը միշտ բաց է լինում եւ նրանք վստահ գնում են այդ ճանապարհով։ Եթե հանկարծ տիեզերական տերը ցանկանա փակել այդ ճանապարհը, թող փակի»,- ասաց Բոստանջյանը՝ կեսկատակ-կեսլուրջ ավելացնելով, որ ԲՀԿ-ում «ինքնաբավ մարդիկ են հավաքվել, որոնց մեջ չկան մանկուց տառապյալներ, բարդույթներից կործանվածներ», ովքեր կարող են խանդել արտախորհրդարանական ընդդիմությանը:
Պատգամավորը նաեւ նկատեց, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ուժեղների եւ խելոքների հավաքատեղի է եւ չի ենթարկվում նախընտրական շրջանին բնորոշ սադրիչ խպոսակցություններին, ըստ որոնց այս քաղաքական ուժն առաջին տեղում է, մյուսը՝ երկրորդ։ «ԲՀԿ-ն ուշադրություն չի դարձնում այս փոքրիկ ինտրիգներին եւ ընտրությունների կգնա միայնակ»,- նկատեց Բոստանջյանը։
Նշենք,որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2012 թվականին։




























