Հայաստանում պլաստիկ վիրաբուժությունը 25 տարվա պատմություն ունի, այն համեմատաբար երիտասարդ մասնագիտություն է: Այս մասին այսօր` հունիսի 28-ին պլաստիկ վիրաբուժությանը վերաբերյալ անցկացվող համաժողովի շրջանակներում կազմակերպված ասուլիսին ասաց Պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ, «Էրեբունի» բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության ծառայության ղեկավար Արմեն Հովհաննիսյանը:
Նա նշեց, որ չնայած պլաստիկ վիրաբուժությունն իր մեջ ներառում է էսթետիկը եւ վերականգնողականը, բայց մեզանում առավելապես էսթետիկն է տարածված, մինչդեռ պլաստիկ վիրաբուժությունը իր «առաջին քայլերն» սկսել է վերականգնողական վիրաբուժությունից, երբ օրինակ Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտում ստեղծվեց պլաստիկ վերականգնողական վիրաբուժության կենտրոնը:
Պլաստիկ վիրաբուժության զարգացման վրա մեծ ազդեցությունն է ունեցել Սպիտակի երկրաշարժը, Արցախյան պատերազմը: Արմեն Հովհաննիսյանի խոսքով` Հայաստանի պլաստիկ վիրաբույժները բավականին պրոֆեսիոնալ են, նրանից շատերը իրենց կատարած աշխատանքով չեն զիջում եվրոպացի մասնագետներին:
«Բայց դա դեռ չի նշանակում, որ մենք սովորելու բան չունենք, պետք է ինտեգրվենք աշխարհում տեղի ունեցող մի շարք պրոցեսների»,- նշեց նա:
Հայաստանում պլաստիկ վիրահատություններ իրականցվում են բոլոր հիվանդանոցներում, իսկ պլաստիկ վիրաբուժության գրեթե բոլոր վիրահատությունները կատարվում են «Էրեբունի» բ/կ-ում, Զեյթունի բ/կ-ում եւ Համալսարանական թիվ 1 կլինիկայում: Պլաստիկ վիարբույժներ մեզանում պատրաստվում են ԵՊԲՀ-ում, Առողջապահության ազգային ինստիտուտում, որտեղ այժմ շուրջ 2 տասնյակ օրդինատորներ, սովորելով 3-4 տարի, ստանում են դիպլոմ եւ համարվում պլաստիկ վիրաբույժներ:
Նշենք, որ Պլաստիկ վիրաբույժների հայկական ասոցիացիան հիմնադրվել է 2006թ, ունի 4 պատվավոր անդամ:




























