Կազանում երեք նախագահների հանդիպումն ի սկզբանե դատապարտված էր ձախողման, քանի որ կար ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահների շահերի բախում: Ձախողմանը նպաստել է նաեւ ադրբեջանական կողմի անզուսպ ախորժակը, որը հայկական կողմին հնարավորություն է տալիս մանեւրել: Այդ մասին հունիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը:
Այդ կապակցությամբ, ըստ Սաֆարյանի, Հայ ազգային կոնգրեսը սխալ հաշվարկ կատարեց՝ մտածելով, որ Հայաստանի նախագահը կկանգնի երկու փաստի առջեւ՝ կստորագրի փաստաթուղթն ու խնդիրների առջեւ կկանգնի սեփական երկրում, կամ կվերադառնա Հայաստան եւ ժամանակ կձգի, արտահերթ ընտրություններ կանցկացնի, ինչն առիթ կտար ՀԱԿ-ին ասելու, թե դա իրենց պահանջների կատարումն է: ՀԱԿ-ը չէր հաշվարկել, որ կա երրորդ ուղին:
Պատգամավորը նշեց նաեւ, որ միջնորդները համերաշխ չէին ղարաբաղյան հարցի լուծման ձեւաչափում, հետեւաբար այս իրավիճակը կձգվի դեռ երկար ժամանակ:




























