Եթե ԱՄՆ-ը համապատասխան ճնշում չգործադրի Թուրքիայի վրա, վերջինս ձգտելու է հետաձգել հայ-թուրքական արձանագրությունների նոր քննարկումը հնարավորինս ուշ, ասենք մինչեւ 2014 թվականը: Մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել թուրքագետ Արտակ Արտակ Շաքարյանը:
Նրա խոսքով, եթե ԱՄՆ-ը ճնշում գործադրի, Անկարան կսկսի քննարկել արձանագրությունները, հակառակ դեպքում՝ ոչ, առավել եւս, որ դրանք Թուրքիայի համար թիվ մեկ գերակայություն չեն: Ըստ Շաքարյանի, Թուրքիայի համար այժմ կարեւորագույն հարցերը ներքաղաքական հարցերն են, օրինակ քուրդ պատգամավորներից մեկի կողմից իր մանդատից հրաժարումը, Սիրիայի հետ հարաբերությունները եւ այլն:
Թուրքագետը կարծիք է հայտնել, որ Թուրքիան ղեկավարվում է սեփական շահերով, եւ որեւէ արձանագրություն, անգամ ամենալավը, չի երաշխավորում Հայաստանին արեւմտյան հարեւանի ոտնձգություններից, եթե նրան նման հնարավորություն ընձեռնվի: Այսօր էլ Թուրքիայի «չեզոք» դիրքը պայմանավորված է Հայաստանում ռուսական ռազմակայանի ներկայությամբ:




























