Թեեւ Սերժ Սարգսյանը մերժեց արտահերթ ընտրություներ անցկացնելու ՀԱԿ-ի առաջարկը, սակայն գործընթացը դեռ ամբողջությամբ ձախողված չէ եւ դեռ իշխանությունը ժամանակ ունի հետեւություններ անելու համար: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հունիսի 28-ին հայտարարեց Հայաստանի ժողովրդական կուսակցության ղեկավար, ՀԱԿ անդամ Ստեփան Դեմիրճյանը:

ՀԺԿ առաջնորդը նշեց, որ իշխանությունն արտահերթ ընտրությունների որոշում կկայացնի միայն հասարակության ճնշման ներքո: «Բայց ընդդիմությունը չի կարող անվերջ սպասել, ամեն ինչ իր լիմիտն ունի, իր վերջն ունի»,-հայտարարեց ՀԺԿ ղեկավարն` ընդգծելով, որ ՀԱԿ-ն ուժային մեթոդների չի  դիմելու, այլ ուղղորդելու է անխուսափելիորեն ի հայտ եկող հասարակական դժգոհությունը:

«Ես մնում եմ այն կարծիքին. որ լավագույն երկխոսությունն ազատ, արդար ընտրությունների անցկացումն է»,- շարունակեց ՀԺԿ նախագահը` հավելելով, որ ՀԱԿ-ն արտահերթ ընտրություններ է պահանջում մի քանի պատճառներով: Նախ, որովհետեւ հերթական ընտրությունները մշտապես կեղծվել են, եւ Հայաստանի քաղաքացիները չեն հավատում հերթական ընտրություններին՝ մտածելով, որ դրանք հերթական անգամ կկեղծվեն:

«Մենք չեն ցանկանում, որ երկիրը լինի պերմանենտ ընտրությունների մեջ եւ ցանկանում ենք գցել արդար ընտրությունների անցկացման հիմքերը: Մենք չենք ուզում, որ դա լինի ցնցումների ճանապարհով, սակայն իշխանությունն ինչ-որ քայլերի կգնա միայն հասարակության ճնշման ներքո: Արտահերթ ընտրությունները պետք է պարտադրվեն»,-հայտարարեց Դեմիրճյանը:

Հարցին, թե արտահերթ ընտրությունների դեպքում Կոնգրեսը կընդունի՞ իշխանությունների հաղթանակը, Ստեփան Դեմիրճյանը պատասխանեց: «Եթե նորմալ ընտրություններ լինեն, ապա` այո»: