Երեւանում այսօր` հունիսի 28-ին տեղի է ունեցել ԵՄ խորհրդատվական խմբի Խորհրդի 6-րդ նիստը: Այն նախագահել են Հայաստանի ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը եւ ԵՄ պատվիրակության ղեկավար Դեսպան Ռաուլ դե Լյուցեմբերգերը:
ԱԱԽ մամուլի գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ նիստի ընթացքում քննարկվել է ԵՄԽԽ եռամսյակային հաշվետվությունը, Կարիքների գնահատման հաշվետվությունը եւ 2011թ. հունիսից 2012թ. մայիս ամիսների համար նախատեսված աշխատանքային ծրագիրը:
Արթուր Բաղդասարյանն իր խոսքում նշել է, որ Հայաստանում արդյունավետորեն իրականացվում է ոստիկանության ոլորտի բարեփոխումների ծրագիրը, հավանության է արժանացել հարկային եւ մաքսային ոլորտի բարեփոխումների ծրագիրը, դրական տեղաշարժեր են գրանցվել Խորը եւ համապարփակ ազատ առեւտրի տարածքի եւ Ասոցացման համաձայնագրի շուրջ ընթացող գործընթացներում, դրական են գնահատվում արդարադատության, ազատության եւ անվտանգության ոլորտում, ինչպես նաեւ մտավոր սեփականության ոլորտում առաջ քաշված խնդիրների ուղղությամբ իրականացվող քայլերը:
Նիստի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել հուլիս ամսվա վերջում կազմակեպել համատեղ աշխատաժողով, որի ընթացքում կքննարկվեն կարիքների գնահատման ներդաշնակեցված հաշվետվությունը եւ բոլոր շահագրգիռ գերատեսչությունների նկատառումները ներառող ԵՄԽԽ կիսամյակային աշխատանքային ծրագիրը:




























