Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր` հունիսի 28-ին ընդունել է Հարավային Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրային:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ԱԳ նախարարը շնորհավորել է վերջինիս կովկասյան տարածաշրջանում ՆԱՏՕ հատուկ ներկայացուցչի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` հույս հայտնելով, որ Ափաթուրայն իր ներդրումը կունենա Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության զարգացման գործում:

Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի եւ ՆԱՏՕ-ի փոխգործակցությանը վերաբերող մի շարք օրակարգային հարցերի` մասնավորապես Գործընկերություն հանուն Խաղաղության, Եվրոատլանտյան գործընկերության խորհրդի եւ Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակներում իրականացվող համագործակցությանը:

Էդվարդ Նալբանյանն ու Ջեյմս Ափաթուրայը քննարկել են առաջիկայում նախատեսվող 28+1 ձեւաչափով Հյուսիսատլանտյան խորհրդի նիստի նախապատրաստական աշխատանքները, որոնց ընթացքում կքննարկվեն, կամփոփվեն ԱԳԳԾ իրականացման տարեկան արդյունքները:  

Արտգործնախարարը հյուրին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացի վերջին զարգացումները` մասնավորապես Կազանում կայացած գագաթաժողովի արդյունքները: