Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ Կազանում կայացած հանդիպումը ցույց տվեց, որ ղարաբաղյան հակամարտության շուրջ բանակցությունները շարունակվում են եւ առաջիկայում պետք է սպասել նոր զարգացումների։ Հունիսի 29-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀԱԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Վլադիմիր Կարապետյանը։
«Հանդիպումը ցույց տվեց, որ գործընթացն ավարտված չէ, եւ որ միջնորդները շահագրգռված են հասնել հիմնարար սկզբունքների մասին փաստաթղթի ստորագրմանը: Սերժ Սարգսյանը կազանյան հանդիպումից օրեր առաջ՝ Ստրասբուրգում հայտարարեց, որ եթե Ադրբեջանը նոր առաջարկություններ չմտցնի, ապա հնարավոր կլինի ապահովել գործընթացի առաջընթաց, սրանով իսկ ուղերձ հղելով միջազգային հանրությանը, որ Հայաստանը պատրաստ է ստորագրել առաջարկվող փաստաթուղթը։ Ակնհայտ է, որ Կազանում փաստաթուղթ չստորագրվեց Ադրբեջանի պատճառով։ Իսկ մեր պատվիրակության սխալն այն էր, որ Ադրբեջանի ապակառուցողական եւ անհարդուրժողական դիրքորոշումը չֆիքսվեց հենց տեղում»,- նկատեց Վլադիմիր Կարապետյանը։
Կանխատեսելով ղարաբաղյան բանակցությունների ապագան՝ ՀԱԿ ներկայացուցիչը տեսակետ հայտնեց, որ առաջիկայում տարածաշրջան ժամանող ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստան կբերեն Կազանում ներկայացված փաստաթղթի վերաբերյալ ադրբեջանական 10 առաջարկները եւ դրանք կքննարկեն իշխանությունների հետ՝ պարզելու, թե այդ կետերից որոնք են ընդունելի Հայաստանի համար։
Նշենք, որ երեք երկրների նախագահների կազանյան հանդիպումը տեղի էր ունեցել հունիսի 24-ին, սակայն կողմերը ոչ մի փաստաթուղթ այդպես էլ չէին ստորագրել։




























