Երկար բանակցություններից հետո «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնը այս տարի երեւանյան պրեմիերաների շարքում ներկայացնում է հռչակավոր ռեժիսոր Տերենս Մալիկի «Կենաց ծառ» ֆիլմը:

Հայ հանդիսատեսին հնարավորություն է ընձեռվում տեսնել  2011 թվականի  Կաննի միջազգային կինոփառատոնի գլխավոր մրցանակին՝ «Ոսկե արմավենուն» արժանացած ֆիլմը: Մալիկը նկարահանել է ընդամենը 4 ֆիլմ, սակայն չորսն էլ արժանացել են բարձր գնահատականի: Կաննում մրցանակի հանձմանը ռեժիսորը ներկա չի եղել. նա երբեք չի հանդիպում լրագրողների հետ եւ չի մասնակցում կինոփառատոներին:

«Կենաց ծառ» երեւակայական դրաման մի ընտանիքի պատմություն է, որում խոսվում է տիեզերքի, մարդկային հարաբերությունների եւ ընտանեկան արժեքների մասին: 11-ամյա Ջեքը իր հոգու հայացքով ընկալում է կյանքը, ինչպիսին որ կա: Իրականությունը փոխվում է, երբ երեխան առաջին անգամ հանդիպում է կյանքի դաժանությանը, եւ իր պատկերացումները կյանքի մասին իրեն գցում են լաբիրինթոսի մեջ:

Ռեժիսորը օգտագործելով մանկական հիշողությունները՝ մարդկային կյանքը համադրում է տիեզերքի ընկալման հետ: Տաղանդը թույլ է տալիս Մալիկին պարզ թվացող «կենաց ծառ» հասկացությանը տալ տիեզերական կարեւորություն: