Ընտրություններին գրեթե 50 տոկոսի չմասնակցությունը խոսում է այն մասին, որ հասարակության մեջ կա նոր քաղաքական ուժերի պահանջարկ: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության նախագահ Արման Ղուկասյանը:
Նրա խոսքով՝ այդ քաղաքական ուժերը պետք է ունենան սեփական օրակարգը: Նա նկատեց, որ արտահերթ ընտրությունները խիստ բեւեռացված էին, ինչը մտահոգություն է առաջացնում:
«Անցած քարոզարշավի առանձնահատկությունն այն էր, որ ընտրողին չէր ներկայացվել Հայաստանը ստեղծված ճգնաժամից դուրս բերելու առաջարկ, իսկ իշխանությունն ու ընդդիմությունը միմյանց վարկաբեկելու նպատակ ունեին»,-նշեց կուսակցության նախագահը:
Ղուկասյանը պարզաբանեց, որ այսօր ամենակարեւոր դերը իշխանությունն է, որը պետք է իր ողջ ջանքերն ուղղի միասնությանու կայունության ամրապնդմանը:
Նրա խոսքով՝ այսօր ամենակարևոր ասպեկտներից է հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդումը:





























