«Մեր այգեգործների զգալի մասը եթե չասեմ անգրագետ են, համենայնդեպս կիսագրագետ են»,-այսօր`հունիսի 30-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ՀՀ կառավարության գյուղական տարածքների զարգացման ծրագրերի միջազգային կապերի մասնագետ Ալեքսանդր Քալանթարյանը: Գյուղացիներին աջակցելու համար կառավարությունը ձեռնամուխ է եղել նոր տիպի այգիների տնկման եւ մշակման աշխատանքներին, որն իրականացվելու է Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամի աջակցությամբ: Ստեծվելու է «Հայկական միրգ» ընկերությունը, որը գյուղացիներից վարձակալած հողերի վրա տնկելու է նոր այգիներ: Ամենայն հավանականությամբ, առաջին տնկումները կիրականացվեն հաջորդ գարնանը` Վայոց Ձորում, Տավուշում եւ Արագածոտնում:
Ծրագրի ավարտին պատրաստի այգիները կվերադարձվեն սեփականատերերին, իսկ մինչ այդ նրանք կարող են այդ այգիներում աշխատել վարձու հիմունքներով; Ըստ Ա. Քալանթարյանի` իրենք ցանկանում են գործով գյուղացիներին ցույց տալ, թե ինչպես կարելի է նորագույն տեխնոլոգիաների հիման վրա արդյունավետ այգի մշակել: Մասնավորապես` ծրագրի շրջանակներում տնկիները (այդ թվում` ծիրանի տնկիները) կներմուծվեն արտասահմանյան տնկարաններից:



























