Ատենակալները Նյու Յորքում քրեական մեղադրանք են ներկայացրել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի Trump Organization ընկերության եւ նրա ֆինանսական տնօրեն Ալեն Վայսելբերգի դեմ, տեղեկացնում է Washington Post թերթը՝ հղում կատարելով տեղեկատվական աղբյուրներին, փոխանցում է ՌԻԱ «Նովոստի»-ն։

Նշվում է, որ այդ մեղադրանքները պաշտոնապես չեն բացվի առնվազն մինչեւ հինգշաբթի, դրա համար ընկերության եւ ֆինանսական տնօրենի դեմ մեղադրանքների առանձնահատկություններն  առայժմ անհայտ են։ Ենթադրաբար, մեղադրական եզրակացությունը կարող է կապված լինել Trump Organization-ի ղեկավարության կողմից հարկեր չվճարելու եւ անձնական շահ ստանալու հետ։

Որոշ տեղեկությունների համաձայն՝ նաեւ ակնկալվում է, որ Վայսելբերգը հինգշաբթի անձամբ կգնա դատախազություն, որպեսզի հանձնվի իշխանություններին եւ ընդունի մեղադրանքները։

Պարբերականն ընդգծում է, որ սրանք Թրամփի ընկերության գործով ատենակալների առաջին մեղադրանքներն են։

2020թ. մեծ ժյուրին գործի շրջանակում, որը վարում է Մանհեթենի օկրուգային դատախազ Սայրուս Վենսը, պահանջել էր Trump Organization-ի վերջին ութ տարիների ֆինանսական փաստաթղթերը։ Վենսն ավելի վաղ հայտարարել էր, որ վարում է Թրամփի ֆինանսական գործերի քրեական հետաքննությունը՝ նրա կողմից նահանգի օրենքների պոտենցիալ խախտումները հայտնաբերելու նպատակով։ Օգոստոսին դատարանը հրաժարվել էր քննարկել Թրամփի փաստաբանների խնդրանքը՝ հասանելի չդարձնել  նրա ֆինանսական փաստաթղթերը։

2021թ. մայիսին Նյու Յորքի դատախազությունը տեղեկացրել էր, որ վերաորակավորել է Թրամփի կազմակերպության դեմ հետաքննությունը քաղաքացիականից քրեականի։