Շտապ օգնությունը կանչի դեպքում պետք է ժամանի 8-12 րոպեի ընթացքում, իսկ 13-րդ րոպեից հետո, նույնիսկ մեկ րոպե ուշանալու դեպքում բժիշկը կարող է կարգապահական տույժի ենթարկվել: Այս մասին այսօր՝ հունիսի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը:
«Գյուղերից բջջային հեռախոսահամարներից զանգահարելով շտապ օգնություն` ընկնում են Երեւան, ինչպես երեկ` հունիսի 29-ին է տեղի ունեցել, երբ Մասիս շրջանից բնակիչը բջջային հեռախոսից զանգել է Երեւանի շտապ օգնություն: Իրավիճակը այսպես է եղել, քաղաքացին չի հայտնել, որ կարիճի խայթոցի դեպք է, զանգահարել է եւ ասել է, որ Մասիսի շտապ օգնություն է զանգահարում, իրեն ասել են, որ Երեւանն է, հարցրել է, թե ինչպես կարող եմ միանալ, ասել են` զանգահարեք քաղաքային հեռախոսով»,- նշեց Սուրեն Քրմոյանը` հավելելով, որ բոլոր կանչերը ձայնագրվում են եւ վերոնշյալ դեպքի մանրամասներն էլ հայտնել է` ձայնագրությունը լսելուց հետո: Նրա խոսքով` քննարկվում է դիսպետչերի գործողությունների օրինականությունը, քանի որ նա պարտավոր էր կամ ինքը ահազանգել,կամ հայտնել Մասիսի շտապ օգնությանը: «Սպասվում է տվյալ անձի աշխատանքից ազատում, որովհետեւ նա պարտավոր էր այդ կանչը ինչ-որ ձեւով հայտնել»,- նշեց Սուրեբ Քրմոյանը:




























