Հնդկաստանի արեւելյան մասում պլանային պեղումների ժամանակ հնագետները հայտնաբերել են հնագույն բնակավայր, որը նախկինում անհայտ էր: Ըստ նախնական գնահատականների՝ մարդիկ այստեղ ապրել են մ.թ.ա. երկրորդ հազարամյակից մինչեւ մեր դարաշրջանի սկիզբը, իսկ հետո խորհրդավոր պատճառներով լքել են քաղաքը, հայտնում է Planet-today-ը՝ հղում անելով The Hindu-ին:
Գտնված բնակավայրը կարող է հավակնել քաղաքի կարգավիճակի՝ դատելով դրա չափերից: Հնագետներին հաջողվել է առանձնացնել բնակավայրի գոյության տարբեր ժամանակաշրջանների հետ կապված երեք մշակութային շերտեր: Այն հիմնադրվել է էնեոլիթի շրջանում՝ շուրջ չորս հազարամյակ առաջ: Դարաշրջանների սահմանին մարդիկ լքել են քաղաքը, բայց դրա պատճառները դեռ պարզ չեն:
Արտեֆակտների մեծ քանակը թույլ է տվել գիտնականներին պարզել, որ տեղի բնակիչները ակտիվորեն զբաղվել են գյուղատնտեսությամբ, բնակավայրի սահմաններում հայտնաբերվել է ոռոգման ջրանցքների ցանց: Տեղի բնակիչների տները կլոր են եղել` կավե հատակներով: Մարդիկ ակտիվորեն օգտվել են կավե եւ պղնձե սպասքից: Բացի այդ, պատմաբանները գտել են նետերի բազմաթիվ ծայրեր, զարդեր, գործիքներ եւ մետաղի ու մետաղական ապրանքների ձուլման սարքեր: Գիտնականները կարծում են, որ այստեղ բնակվող մարդիկ պատկանել են Օդիշիի քաղաքակրթությանը:





























