Ճապոնացի ճարտարապետ Քենգո Կուման հինգ հասարակական զուգարան է կառուցել Տոկիոյի Սիբույա շրջանում: Գյուղի տեսքով կազմակերպված տարածքը կոչվում է «Զբոսանք անտառում», հաղորդում է Lenta-ն՝ հղում անելով Designboom-ին:

Կուման ստեղծել է հասարակական զուգարաններ՝ որպես Nippon Foundation հիմնադրամի Tokyo Toilet Project նախագծի մաս: Ճարտարապետի մտահղացմամբ, քաղաքային զբոսայգիներից մեկում աղյուսե զուգարանները փոխարինվել են մայրու տախտակներով փափուկ հինգ կառույցներով, որոնք տնակներ են հիշեցնում: Խցիկները միացված են աստիճանավոր արահետով, իսկ ներսում դրանք հագեցած են անհրաժեշտ սարքավորումներով: ներքին հարդարանքում Կուման օգտագործել է նաեւ փայտե տարրեր, ներառյալ սյուներ եւ ծառերի բներ:

Dezeen-ի հետ զրույցում ճարտարապետը նշել է, որ նախագծի միջոցով ցանկացել է փոխել մարդկանց պատկերացումը հասարակական զուգարանների մասին եւ դրանք տեղավորել պարկի տարածքում ու բնապատկերի մեջ: «Հուսով ենք, որ սա օրինակ կծառայի հասարակական զուգարանների` որպես մութ, կեղտոտ, գարշահոտ եւ վախեցնող տարածքների, ավանդական կերպարը քանդելու համար»,- եզրափակել է Nippon Foundation գործադիր տնօրեն Ջումպեյ Սասակավան:

2021 թվականի հունվարին ճապոնական Suppose Design Office բյուրոյի ճարտարապետները Տոկիոյի երկաթուղային կայարանի մոտ Tokyo Toilet Project-ի համար կառուցել էին հասարակական զուգարան, որն իր ձեւով արկղ էր հիշեցնում: Շրջագծի երկայնքով ավելի քան յոթ մետր բարձրությամբ բետոնե կոնստրուկցիան չէր դիպչում ճանապարհին՝ ստեղծելով գետնից վեր սավառնելու տպավորություն: