Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույցում քննարկել են պետությունների միջեւ ռազմավարական գործընկերությունը:
«Ես հաճույք ունեցա մեկ անգամ եւս հեռախոսով զրուցել Ռեջեփ Էրդողանի հետ: Ես շնորհակալ եմ Թուրքիայի նախագահին՝ արագ արձագանքելու եւ պատրաստակամություն ունենալու համար ոչ միայն խոսելու, այլեւ գործելու՝ հանուն Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ռազմավարական գործընկերության կոնկրետ համալրման բոլոր բնագավառներում»,- գրել է Զելենսկին Twitter-ում:
Ինչպես հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակը, Զելենսկին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ ՆԱՏՕ-ին լիիրավ անդամակցություն ձեռք բերելու ճանապարհին Ուկրաինային ուժեղ աջակցություն ցուցաբերելու համար, մասնավորապես՝ Դաշինքի բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում:
«Ես հատկապես գնահատում եմ այս բարեկամական դրսեւորումը՝ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի Դաշնության ագրեսիայի համատեքստում»,- շեշտել է նա:
Պետությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաեւ անվտանգության եւ պաշտպանության ոլորտում համագործակցության խորացման կարեւորության վերաբերյալ:
«Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ փոխգործակցության խորացումը Սեւծովյան տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման կարեւոր գործոն է, եւ նման աշխատանքի իրական օրինակ է «Կվադրիգա» ձեւաչափով փոխգործակցությունը»,- նշել է Ուկրաինայի նախագահը:
Զելենսկին նշել է, որ Ուկրաինայի, ինչպես նաեւ Թուրքիայի համար հրատապ է բնական գազի մատակարարման աղբյուրներն ու երթուղիները դիվերսիֆիկացնելու խնդիրը: Այդպես, պայմանավորվածություն է ձեռք բերվել այս ոլորտում փոխգործակցության հնարավոր տարբերակների համատեղ ուսումնասիրության վերաբերյալ:
Բացի այդ, նախագահները նշել են բանակցային խմբի աշխատանքների ակտիվացումը եւ արձանագրել, որ անհրաժեշտ է Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիրը վերջնական տեսքի բերել:
«Ուկրաինայի նախագահը նշել է Թուրքիայի ակտիվ մասնակցությունը Լիտվայում տեղի ունեցած Ուկրաինայում իրականացվող բարեփոխումների համաժողովին, մասնավորապես ՝ Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուի ելույթը: Երկրների ղեկավարները հաստատել են իրենց պայմանավորվածությունը Ռազմավարական գործընկերության հաջորդ Ռադան Ուկրաինայում անցկացնելու վերաբերյալ»,- ասվում է հաղորդագրության մեջ:




























