Թալիբները հավաստիացնում են, որ զավթել են Իրանի հետ Աֆղանստանի սահմանի գլխավոր անցակետը, ինչպես նաեւ սահմանային անցումը Թուրքմենստանի հետ սահմանին, տեղեկացնում է Ֆրանս պրես գործակալությունը՝ հղում կատարելով շարժման ներկայացուցիչներին։

Գործակալության տվյալներով՝ Իսլամ Կալա բնակավայրը լիովին անցել է նրանց հսկողության տակ։

«Թալիբանի» ներկայացուցիչը ՌԻԱ «Նովոստի»-ին ասել է, որ հարեւան երկրները «կարող են հանգիստ լինել» սահմաններին անվտանգության առումով։

Գործակալության զրուցակիցը հավաստիացնում է, որ շարժումը նպատակ չունի տիրապետություն հաստատել երկրի ողջ տարածքի վրա, բայց ցանկանում է ստեղծել «ազատ իսլամական պետական համակարգ» երկխոսության միջոցով։ Ընդ որում՝ նրանք առայժմ մտադիր չեն հանդիպել Քաբուլի պատվիրակի հետ։

Աֆղանստանում հիմա դիմակայություն է ընթանում կառավարական ուժերի եւ թալիբների միջեւ, որոնք տիրել են զգալի տարածքների գյուղական շրջաններում եւ հարձակում սկսել խոշոր քաղաքների դեմ։ Սրացումը տեղի է ունենում ամերիկյան զորքերի դուրսբերման ֆոնին, որը Ռուսաստանի ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովն անվանել է հանրապետությունում ԱՄՆ առաքելության ձախողում։

Որոշ աֆղանստանցի զինվորականներ անցնում են Տաջիկստանի տարածք։ Դուշանբեում ՀԱՊԿ դաշնակիցներին խնդրել են օգնել ամրացնել հարավային սահմանները։ Շարժման քաղաքական գրասենյակի պատվիրակությունը Մոսկվայում է. նրանք արդեն հանդիպել են Աֆղանստանի գծով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Քաբուլովի հետ։