Սաուդցի արքայազն Ֆեյսալ իբն Թուրքի իբն Աբդալախա Ալ Սաուդին մեղադրել են, որ նա տան սպասուհիներին վերաբերվել է, ինչպես ստրուկներին՝ զրկելով նրանց սննդից, քնից եւ թույլ տալով երեխաների թքել նրանց դեմքին: Այդ մասին գրում է The Times-ը:
Այդ մեղադրանքների շուրջ հետաքննություն է սկսվել Ֆրանսիայում, երբ յոթ ֆիլիպինցի դայակ եւ մաքրուհի է դիմել ոստիկանություն: Նրանք պատմել են, որ նա, նրա տիկինն ու երեխաները նվաստացրել են նրանց, զրկել հացից եւ արգելել քնել: Ընդ որում՝ նրանց վճարել են ամսական ընդամենը 300 եվրո՝ չնայած աշխատավարձին, որը համաձայնեցվել էր եւ նշվել նրանց պայմանագրերում:
Դայակներից մեկը պատմել է, որ արքայազնի երեխաներին թույլատրվում էր թքել նրա դեմքին: Մյուս աշխատողը նշել է, որ եթե երեխաներից ինչ-որ մեկը լացեր, ապա հարվածում էին նրա դեմքին: Կանայք պարտավորված էին կատարել ցանկացած մանկական քմահաճությունները, այնուհետեւ նրանց պատժում էին հետեւանքների համար: Օրինակ, եթե երեխան սեփական ցանկությամբ չարաշահում էր պաղպաղակը, որից հետո ցավում էր նրա որովայնի շրջանում, դրանում մեղադրում էին սպասուհիներին:
Ինչպես պատմել են ֆիլիպինուհիները, նրանք պետք է աշխատեին, քանի դեռ արքայազնն ու նրա տիկինը չեն քնել, ինչը հաճախ տեղի էր ունենում գիշերվա երեքին եւ անգամ ավելի ուշ: Սակայն արդեն առավոտյան յոթին նրանք ստիպված էին սկսել աշխատել եւ հետեւել ամուսինների չորս երեխաներին: Դրա հետեւանքով քնելու համար հատկացվում էր երեք ժամից պակաս:
Սպասուհիները ստիպված էին սնվել սննդի մնացորդներով Ալ Սաուդի սեղանից, ընդ որում՝ միայն խոհանոցում, որը բացվում էր ճաշի ժամանակ, որից հետո անմիջապես փակվում էր: Հաճախ ճաշի ժամին նրանք կատարում էին արքայազնի հրամանները, եւ ուստի մնում էին քաղցած, քանի որ չէին հասցնում գնալ խոհանոց:
Ոստիկանությունում աղբյուրը հայտնել է, որ ենթադրյալ դաժան վերաբերմունքը հիմնականում տեղի էր ունենում 2013-2015 թվականներին: Ֆրանսիայի օրենսդրության համաձայն՝ ստրկացված աշխատանքի համար առավելագույն պատիժը կազմում է 10 տարի ժամկետով ազատազրկում: Սակայն ֆրանսիական ոստիկանությունը չի կարող բերման ենթարկել կամ հարցաքննել Ալ Սաուդին, քանի որ նա մեկնել է Ֆրանսիայից եւ ունի դիվանագիտական անձեռնմխելիություն:



























