ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ներկայացուցիչները կարող են հանդիպել հուլիսի 16-ին` քննարկելու կիբերանվտանգության խնդիրները: Այս մասին լրագրողներին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, հայտնել է ՏԱՍՍ-ը:
«Մենք ստեղծել ենք կոմիտե` համատեղ հանձնաժողով: Կարծում եմ՝ նրանք կհանդիպեն հուլիսի 16-ին: Ես հավատում եմ, որ մենք համագործակցելու ենք», - նշել է Բայդենը: Այնուամենայնիվ, նա չի հաղորդել առաջիկա շփումների վերաբերյալ մանրամասներ՝ ներառյալ վայրն ու ձեւաչափը:
Հարցին, թե ինչ է ակնկալում Բայդենը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինից, Սպիտակ տան ղեկավարը պատասխանել է. «Անտեղի է խոսել այն մասին, թե այժմ ինչ եմ ակնկալում նրանից: Բայց կտեսնենք»:
Ավելի վաղ Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ ԱՄՆ-ն ու Ռուսաստանը մտադիր են կիբերանվտանգության հարցերի շուրջ հաջորդ շաբաթ բանակցություններ վարել: Հարցին, թե արդյոք նշված ծրագրերը դեռ ուժի մեջ են, նա դրական պատասխան է տվել:
Փսակին երեքշաբթի հայտնել է, որ երկրները փորձագիտական մակարդակով խորհրդակցություններ են վարում թեմայի շուրջ: Նա նշել է, որ ԱՄՆ-ը «ակնկալում է հաջորդ շաբաթ Ransomware (շորթող-վիրուս) հարձակումներին նվիրված մեկ այլ հանդիպում»:





























