ՄԱԿ-ը Հայիթիի իշխանություններից նամակ է ստացել հանրապետություն զորք ուղարկելու խնդրանքով, եւ այն ուսումնասիրվում է, սակայն նման որոշում պետք է ընդունի Անվտանգության խորհուրդը, հայտնել է կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակը, հաղորդել է ՌԻԱ Նովոստի-ն:
Հայիթիի իշխանությունները ավելի վաղ ՄԱԿ-ին խնդրել էին զորք ուղարկել նախագահ Ժովենել Մոիզի սպանությունից հետո երկրի անվտանգության, մասնավորապես՝ ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների ապահովման համար:
«Հայիթիում մեր հատուկ քաղաքական առաքելությունը (BINUH) նամակ է ստացել, որը քննարկվում է: Ցանկացած հանգամանքներում զորք մտցնելու հարցը որոշում է Անվտանգության խորհուրդը», - ասել է զրուցակիցը գործակալությունից:
Երկրում ՄԱԿ-ի գրասենյակին ուղարկված՝ Հայիթիի վարչապետի գրասենյակի նամակը թվագրված է հուլիսի 7-ով: Ինչպես նշում են ԶԼՄ-ները, խնդրանքի նպատակն է «աջակցել ազգային ոստիկանության ջանքերին` ամբողջ տարածքում անվտանգությունն եւ հասարակական կարգը վերականգնելու ուղղությամբ»:
Ավելի վաղ Նորվեգիայի մշտական ներկայացուցիչ Մոնա Յուուլը հայտարարել էր, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը դեռ չի քննարկում կազմակերպության խաղաղապահների՝ Հայիթի վերադառնալու հավանականությունը երկրի նախագահի սպանության ֆոնին:
Հայիթիի նախագահ Ժովենել Մոիզը մահացու վիրավորվել է հուլիսի 7-ի գիշերը նստավայրի վրա հարձակման արդյունքում: Նրա կինը՝ Մարտին Մոիզը, ծայրահեղ ծանր վիճակում է: Հայիթիի իշխանությունները հայտարարել են նախագահի սպանության մեջ կասկածյալների ձերբակալության մասին: Հայիթիի քվեարկության եւ միջկուսակցական կապերի հարցերով նախարարը հայտնել է, որ նախագահին սպանած վարձկանների խումբը բաղկացած է 26 մարդուց:





























