ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ազատել է սոցիալական ապահովության հանձնակատար Էնդրյու Սոլին, որը մնացել էր Թրամփի վարչակազմից, բայց Սոլը հայտարարել է, որ նախատեսում է աշխատավայրում լինել երկուշաբթի առավոտյան, որովհետեւ իր ժամկետը դեռ չի ավարտվել, տեղեկացնում է Reuters-ը։

«Էնդրյու Սոլը հրաժարվել է հեռանալ, ինչպես իրեն խնդրել են։ Նրան տեղեկացրել են, որ իր աշխատանքը որպես հանձնակատար անհապաղ դադարեցվել է»,- ասել է Սպիտակ տան պաշտոնյան, որը չի ցանկացել նշել անունը։

Պաշտոնյան հայտարարել է, որ Սոլը կատարել է «գործողություններ», որոնք հակասում են գործակալության առաքելությանը եւ նախագահի քաղաքական օրակարգին»։ Սոլի գործողությունների շարքում, որոնք վկայակոչել է պաշտոնյան, եղել են հաշմանդամության համար սոցիալական ապահովության նպաստների քաղաքականացումը, գործակալության՝ հեռահար աշխատանքի քաղաքականության դադարեցումը եւ հրաժարումը ծառայողների դաշնային արհմիությունների հետ հարաբերությունների վերականգնումից։

Նախկին նախագահ Դոնալդ Թրամփի առաջադրած պաշտոնյան՝ Սոլը, 2019թ. երդում էր տվել վեց տարի ժամկետով աշխատանքի համար։ Սոլն ասել է. «Ես ինձ համարում եմ սոցիալական ապահովության լիազոր, իմ ժամկետը չի ավարտվել»։