Գերմանիայի Սաքսոնիա Անխալթ դաշնային հողի շրջաններից մեկում հակերական հարձակումը դարձել է արտակարգ իրավիճակ հայտարարելու պատճառ. դա ԳԴՀ-ում այդպիսի առաջին դեպքն է, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Հանցագործները հարձակվել են շրջանի համակարգչային համակարգի վրա մի քանի օր առաջ, վարչակազմը հայտարարում է, որ աշխատանքն անհրաժեշտ է ընդհատել շուրջ երկու շաբաթով: «Աշխատանքը գրեթե պարալիզացված է»,-ռադիոկայանը մեջբերում է վարչակազմի ներկայացուցչի խոսքերը:

Շուրջ 157 հազար բնակչություն ունեցող շրջանում ժամանակավորապես չեն վճարվի սոցիալական եւ այլ նպաստները: Վարչակազմի ներկայացուցչի խոսքով՝ արտակարգ իրավիճակ հայտարարելու որոշումը կայացվել է ավելի արագ արձագանքելու համար: ԳԴՀ տեղեկատվական անվտանգության դաշնային վարչությունը հայտարարել է, որ կմիանա աշխատանքներին տեղում:

Հարձակումը կազմակերպած հաքերները կասկածվում են շորթման մեջ, հաղորդել է ռադիոկայանը: Խոսքը վերաբերում է թվային տվյալներին, որոնք կարող են վերծանվել անհրաժեշտ «փրկագինը» վճարելուց հետո: