«Գործողություն եւ համերաշխություն» կուսակցությունը (ԳՀԿ), որը սատարում է Մոլդովայի նախագահ Մայա Սանդուին, արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստանում է ձայների 52.8 տոկոսը եւ կկարողանա ինքնուրույն կառավարություն կազմել: Այս նախնական տվյալները երկուշաբթի տեղամասերից ստացված արձանագրությունների 100 տոկոսի մշակումից հետո հրապարակել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը: Երկրորդ տեղը զբաղեցրել է Կոմունիստների եւ սոցիալիստների ընտրական բլոկը՝ 27.1 տոկոս արդյունքով: «Շոր» կուսակցությունը նույնպես խորհրդարանում է՝ ստանալով 5.7 տոկոս:
Քվեարկությունը տեղի է ունեցել Մոլդովայի խորհրդարանական ընտրությունների ողջ պատմության ընթացքում ամենացածր մասնակցությամբ՝ 48.4 տոկոս:

Նախնական հաշվարկների համաձայն՝ ԳՀԿ-ն մանդատների վերաբաշխումից հետո կարող է ստանալ խորհրդարանի 101 տեղերից 60-ից ավելին:

Երկուշաբթի ԱՊՀ առաքելության դիտորդների պատվիրակությունը հայտնել է, որ խախտումներ չկան, որոնք կարող են ազդել ընտրությունների արդյունքների վրա: Նրանց խոսքով՝ քվեարկությունն անցել է հանգիստ մթնոլորտում, Մոլդովայի ընտրական օրենսդրության համաձայն: Այսօր ԳՀԿ-ին արդեն շնորհավորել է Մոլդովայի Հանրապետության Սոցիալիստների կուսակցության առաջնորդ, երկրի նախկին նախագահ Իգոր Դոդոնը, ով հայտարարել է իր գլխավորած ուժի՝ ընդդիմություն հեռանալու մասին:

Ընտրությունների արդյունքները պետք է հաստատի երկրի Սահմանադրական դատարանը: Մոլդովայի խորհրդարանն ընտրվում է չորս տարի ժամկետով: