Հնդկաստանի հյուսիսային Ջայփուր քաղաքում կայծակի հարվածից զոհվել է առնվազն 16 մարդ, շատերը վիրավորվել են, տեղեկացնում է BBC-ն։
Զոհերը սելֆի էին անում անձրեւի տակ քաղաքային Ամեր ամրոցի (12-րդ դար) աշտարակի գագաթին։ Ամրոցը զբոսաշրջիկների սիրած վայրերից է։ Երբ տեղի ունեցավ միջադեպը, ամրոցի աշտարակին եւ պատի վրա 27 մարդ կար, նրանցից ոմանք, իչպես տեղեկացվում է, ցած են թռել։
Տասնյակ մարդիկ էլ զոհվել են կայծակի հարվածներից Ութար Փրադեշ եւ Մադհյա Փրադեշ նահանգներում։
Պաշտոնական տվյալներով՝ կայծակի հարվածներից ամեն տարի մահանում է միջինը մոտ 2000 հնդիկ։
Տեղական լրատվամիջոցների տեղեկություններով՝ միայն կիրակի օրը Ռաջաստան նահանգում, որտեղ գտնվում է Ջայփուրը, գրանցվել է եւս ինը մահ կայծակի հարվածներից։
Ութար Փրադեշ նահանգում զոհվել է առնվազն 41 մարդ՝ հիմնականում կանայք եւ երեխաներ։ Զոհերի ամենամեծ թիվը՝ 14 մարդ, գրանցվել է Ալլահաբադ քաղաքում (հայտնի է նաեւ որպես Փրայագրաջ)։
Երկու տղամարդ, որոնք թաքնվել էին ծառի տակ, մահացել են կայծակի հարվածից հետո Ֆիրոզաբադ քաղաքում։ Մյուս մահերը տեղի են ունեցել նահանգի մի քանի շրջաններում։
Առնվազն յոթ մարդ զոհվել է Մադհյա Փրադեշում։





























