Եգիպտոսի խորհրդարանը խստացրել է պատիժը սեռական ոտնձգությունների և դրա հետ կապված հանցագործությունների համար և դրանք հասցրել ծանր հանցագործությունների մակարդակի, հայտնել է Reuters-ը:
Վերջին տարիներին երկրում սեռական բնույթի հանցագործությունները դարձել են խոսակցությունների ավելի տարածված թեմա: Անցյալ տարի տասնյակ եգիպտացիներ սեռական ոտնձգությունների վերաբերյալ հաղորդագրություններ սկսեցին տեղադրել սոցիալական ցանցերում, սակայն, ըստ արշավի մասնակիցների, Եգիպտոսում դեռ խորը արմատացած նախապաշարմունք կա՝ սադրիչ համարվող վարքի համար ավելի շատ մեղադրել կանանց, քան տղամարդկանց:
Մայիսին դատախազությունը կասեցրել է 2014 թ.-ին Կահիրեի շքեղ հյուրանոցում խմբակային բռնաբարության գործը՝ մեղադրյալի դեմ «անբավարար ապացույցների» պատճառով:
Համաձայն պատժի միջոցի՝ սեռական ոտնձգությունների համար պատիժը մեկ տարի ազատազրկումից դարձել է նվազագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկման կամ մինչև 300.000 եգիպտական ֆունտի չափով տուգանքի (19.100 դոլար):
Զգալիորեն բարձրացվել են նաև հետապնդման և ընդհանուր առմամբ ոտնձգությունների համար պատիժները:
Օգոստոսին խորհրդարանը հաստատել է սեռական ոտնձգությունների և հարձակումների զոհերի ինքնությունը պաշտպանելու մասին օրենքը այն բանից հետո, երբ սոցցանցերում արշավը բերեց սեռական հանցագործություն կատարած կասկածյալի ձերբակալմանը:





























