ԱՄՆ ներկայիս վարչակազմը՝ նախագահ Ջո Բայդենի գլխավորությամբ, պետք է աջակցի Կուբայում ցուցարարներին եւ ճնշում գործադրի պետության ղեկավարության վրա: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայքլ Պոմպեոն Fox News-ի եթերում:

«Ես չեմ հասկանում, թե ինչու են դեմոկրատներն այժմ լռում այս մասին,- ասել է ԱՄՆ նախկին արտգործնախարարը՝ անդրադառնալով բողոքներին:- Կուբացիների համար սա կարեւոր հնարավորություն է: Ամերիկացիները պետք է ուս ուսի կանգնեն նրանց հետ: Մենք կարող ենք շատ բան անել, որպեսզի նրանք հասնեն այն ազատությանը, որը պահանջում են փողոցում», փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Պոմպեոն նշել է, որ ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմն «ամենախիստ ճնշումն է գործադրել Կուբայի ղեկավարության վրա»: «Հուսով եմ, որ Բայդենի շրջապատը չի մեղմացնի այդ ճնշումը»,- հավելել է նախկին պետքարտուղարը: Նա համոզմունք է հայտնել, որ դա «Կուբայի համար բարենպաստ արդյունքի կհանգեցնի» եւ կամրապնդի ԱՄՆ անվտանգությունը:

Հուլիսի 11-ին Կուբայի պետական ​​հեռուստատեսությունը հաղորդել էր, որ հանրապետության մի քանի քաղաքներում անկարգություններ են տեղի ունեցել, որոնց մասնակիցները կողոպտել են մի շարք խանութներ: Դրանից առաջ զանգվածային ցույցեր էին սկսվել Հավանայից 24 կմ հարավ գտնվող Սան Անտոնիո դե լոս Բանոս քաղաքում: Նախագահ Միգել Դիաս-Կանելը գնացել էր այնտեղ: Նա Կուբայի հեղափոխության պաշտպաններին կոչ էր արել փողոց դուրս գալ իշխանությունների դեմ ուղղված սադրանքները կանխելու համար: