Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն երկուշաբթի հայտարարել է երկրի ընդդիմության հետ երկխոսություն սկսելու պատրաստակամության մասին՝ նախանշելով նման շփումների չորս նախապայմաններ:
«Մենք երկխոսություն կսկսենք չորս պայմանով. առաջին՝ Վենեսուելայի դեմ պատժամիջոցների վերացում, երկրորդ՝ քաղաքական ուժերի կողմից պետական իշխանությունների եւ նրանց իրավազորության ճանաչում, երրորդ՝ բռնությունից հրաժարում, եւ չորրորդ՝ [երկխոսության մեջ] բոլոր ուժերի ներառում», - ասվում է Բոլիվարյան Հանրապետության ղեկավարի՝ Twitter-ում արված հրապարակման մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ քաղաքական գործիչը նաեւ պահանջել էր իշխանություններին վերադարձնել արտասահմանում գտնվող պետական ակտիվները, որոնք գտնվում են ընդդիմության վերահսկողության տակ, եթե վերջինս մտադիր է բանակցություններ վարել կառավարության հետ:
Մայիսին Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն առաջարկել էր բանակցություններ սկսել երկրի քաղաքական ուժերի միջեւ միջազգային հանրության մասնակցությամբ՝ ճգնաժամային իրավիճակից ելք գտնելու համար: Մադուրոն հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Գուայդոյի ու ընդդիմության այլ ներկայացուցիչների հետ:




























