Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի որոշումը՝ չզիջել Վաշինգտոնի պահանջներին «Հյուսիսային հոսք – 2»-ին վերաբերող հարցերում, վիրավորական է եղել ամերիկյան կողմի համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Bloomberg գործակալության մեկնաբան Անդրեաս Քլյութը հոդվածում։
Ինչպես կարծում է հոդվածագիրը, Մերկելի ԱՄՆ կատարելիք այցի ժամանակ կողմերը փորձելու են «ցուցադրել տրանսատլանտյան ներդաշնակություն»։ Միեւնույն ժամանակ, Քլյութի կարծիքով՝ «ամերիկացիները կթաքցնեն խորագույն հիասթափությունը, իսկ գերմանացիները՝ ահագնացող անհանգստությունը», տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
Նյութում նշվում է, որ Մերկելը «երկու անգամ արհամարհանք է ցուցաբերել (ԱՄՆ գործող նախագահ) Բայդենի հանդեպ։ «Առաջին վիրավորանքը հասցվել էր դեկտեմբերին, այն բանից մեկ շաբաթ առաջ, երբ Բայդենը երդում տվեց, երբ Մերկելը անցավ Չինաստանի եւ ԵՄ-ի հետ ներդրումների հարցով պայմանավորվածությունների հաջորդ փուլին՝ անգամ չխորհրդակցելով Բայդենի օգնականների հետ։ Վաշինգտոնին Պեկինին զսպել օգնելու փոխարեն Մերկելը ցանկանում է, որպեսզի Եվրոպան գործողությունների տարբերակներ ունենա»,- կարծում է Քլյութը։ «Երկրորդ եւ ավելի լուրջ վիրավորանքը դարձավ նրա հրաժարումը՝ աննշան զիջել ամերիկյան երկու կուսակցությունների կողմից պաշտպանվող վիճահարույց գազատարի հարցերում, որը կառուցվում է Ռուսաստանից դեպի Գերմանիա»,- ասվում է հոդվածում։
Քլյութը կարծում է, որ Մերկելը չի ցանկանում հրաժարվել նախագծից, եւ դա «բեռ կդառնա» Գերմանիայի կանցլերի պաշտոնում նրա հաջորդի համար, ինչպես նաեւ կհանգեցնի «խորթացման ԱՄ-ի եւ եվրոպացի գործընկերների միջեւ»։ Հեղինակը կարծում է, որ «Հյուսիսային հոսք – 2»-ին վերաբերող հարցերը կմթագնեն ԱՄՆ եւ Գերմանիայի հարաբերությունները շատ տարիների համար։
Վաշինգտոնը բացահայտ դեմ է հանդես գալիս խողովակաշարի անցկացմանը եւ ակտիվ ջանքեր է գործադրում՝ ուղղված այդ նախագծի խոչընդոտմանը առաջին հերթին Մոսկվայի շահերին հարված հասցնելու եւ Ուկրաինային աջակցելու նպատակով՝ որպես մի երկրի, որով դեպի Եվրոպա է տարանցվելու ռուսական բնական գազը։ Բացի այդ, շատ փորձագետներ նշում են, որ ԱՄՆ-ը փորձում է այդ կերպ եվրոպական շուկա մատակարարել իր հեղուկացված գազը, որը զգալիորեն թանկ է ռուսական խողովակաշարայինից։ ԱՄՆ-ում անցած մի քանի տարում ընդունված օրենսդրությունը այլ բաների թվում նախատեսում է միակողմանի սահմանափակումներ այն ընկերությունների հանդեպ, որոնք մասնակցում են «Հյուսիսային հոսք – 2»-ի իրականացմանը։
Վերջինը ենթադրում է երկու գազատարի կառուցում՝ 55 մլրդ խորանարդ մետր ընդհանուր հզորությամբ, Ռուսաստանից Բալթիկ ծովով մինչեւ Գերմանիա։ Երկու ճյուղերից յուրաքանչյուրի թողունակությունը տարեկան 27,5 մլրդ խորանարդ մետր է։ Նոր գազատարը կկրկնապատկի առաջին «Հյուսիսային հոսքի» հզորությունը, որի երթուղին էլ հիմնականում կկրկնի։





























