Կուբայում բողոքի ցույցերը հետեւանք են այն բանի, որ կղզու բնակիչները վերջին տարիներին սկսել են ավելի ազատ մուտք ունենալ արեւմտյան սոցիալական ցանցեր, որտեղից ստանում են կառավարության տրամադրած տեղեկատվությունից տարբերվող տեղեկատվություն: Երկուշաբթի նման կարծիք է հայտնել բրիտանական BBC հեռարձակող կորպորացիան:

Նրա խոսքով՝ «կուբացիները ավելի ու ավելի հաճախ են օգտվում սոցիալական ցանցերից իրենց կառավարությունից դժգոհություն հայտնելու համար»: Շատ դեպքերում, ըստ BBC-ի, բնակիչները «ստիպել են իշխանություններին պաշտոնական լրատվամիջոցներով արձագանքել» սոցիալական ցանցերի քննարկումներին: Կորպորացիան կարծում է, որ այսօր բնակչության զգալի մասի՝ հիմնականում երիտասարդներ համար հասանելի են Facebook, Twitter եւ Instagram սոցցանցերը: «Համացանցի հասանելիությունը հանգեցրեց բազմաթիվ անկախ ԶԼՄ-ների ի հայտ գալուն, որոնք լուսաբանում են սովորաբար պաշտոնական ԶԼՄ-ներում չլուսաբանվող թեմաներ», - ենթադրում է BBC-ն:

Կուբայում բողոքի ցույցերի այլ գործոնների թվում բրիտանական կորպորացիան նշել է երկարատեւ տնտեսական ճգնաժամը եւ COVID-19-ի տարածումը: Ըստ BBC-ի՝ «ներկայիս իրավիճակի սկզբնակետը կորոնավիրուսի լուրջ իրադրության եւ կառավարության տնտեսական միջոցների համադրություն է, որոնք ավելի են վատթարացրել կյանքը Կուբայում»:

Ըստ Բրիտանական հեռարձակող կորպորացիայի՝ նոր բռնկումը հանգեցրել է Լատինական Ամերիկայում բնակչության թվաքանակի հարաբերակցությամբ կորոնավիրուսով վարակվածության ամենաբարձր ցուցանիշներից մեկին: Այս կապակցությամբ «սոցիալական ցանցերը լցված էին միջազգային օգնություն եւ մարդասիրական միջամտություն խնդրող հաղորդագրություններով», - շարունակել է կորպորացիան:

BBC-ն կարծում է, որ համավարակը կաթվածահար է արել զբոսաշրջությունը, որը կղզու տնտեսության կարեւոր ճյուղն է: Ըստ կորպորացիայի՝ վերջին ամիսներին Կուբայում գնաճ է նկատվում, հաճախակի են դարձել էլեկտրաէներգիայի անջատումները, սննդի եւ դեղորայքի պակաս է զգացվում:

Հուլիսի 11-ին Կուբայի պետական ​​հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ անկարգություններ են տեղի ունեցել հանրապետության մի քանի քաղաքներում, որոնց մասնակիցները կողոպտել են մի շարք խանութներ: Դրանից առաջ զանգվածային ցույցեր են սկսվել Հավանայից 24 կմ հարավ գտնվող Սան Անտոնիո դե լոս Բանոս քաղաքում: Նախագահ Միգել Դիաս-Կանելը մեկնել է այնտեղ: Նա Կուբայի հեղափոխության պաշտպաններին կոչ է արել փողոց դուրս գալ իշխանությունների դեմ սադրանքները կանխելու համար: