Թուրքիայի եւ ԱՄՆ-ի միջեւ բանակցություններն Աֆղանստանի Քաբուլի միջազգային օդանավակայանում անվտանգության հարցով շարունակվում են: Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը՝ հավելելով, որ Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինի հետ հեռախոսազրույցի ընթացքում որոշ հարցերի շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել, հաղորդում է Anadolu-ն:
Հունիսի կեսերին Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման ժամանակ Թուրքիան առաջարկել էր վերահսկողություն հաստատել Համիդ Քարզայի միջազգային օդանավակայանում: Էրդողանն անցյալ շաբաթ ասել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Երկուշաբթի ԱՄՆ պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը հրաժարվել էր պատասխանել բանակցությունների ընթացքի մասին հարցին՝ ասելով, որ Թուրքիայի հետ բանակցությունները շարունակվում են: Թուրքիան քաղաքական եւ ֆինանսական աջակցություն է խնդրել օդանավակայանի անվտանգության ապահովման ծրագրի համար:
«Բանակցությունները (Օսթինի հետ) շատ դրական եւ կառուցողական են անցել,- ասել է Աքարը:- Աշխատանքները շարունակվում են: Կան նաեւ այլ երկրներ, որոնք ցանկանում են օգնել Աֆղանստանին: Մենք բանակցություններ ենք վարում նաեւ նրանց հետ »:
Այս շաբաթ թալիբները, որոնց հետ են մղում Աֆղանստանի կառավարական ուժերին ողջ երկրում հաջորդ ամիս ՆԱՏՕ-ի՝ երկրից ամբողջությամբ դուրս գալու նախաշեմին, նախազգուշացրել են Թուրքիային չշարունակել զորքերի տեղակայումը՝ հայտարարելով, որ հակառակ դեպքում օկուպանտ կհամարեն դրան:
Ըստ Աքարի՝ Թուրքիան միշտ գործել է «Աֆղանստանի ժողովրդի շահերից ելնելով եւ ձգտել է խաղաղություն եւ անվտանգություն հաստատել երկրում»: «Մենք այնտեղ ենք արդեն 20 տարի: Մենք մարտական առաջադրանքներ չենք իրականացրել այնտեղ»,- ասել է նա:





























