Իսրայելը կարող է հաղթահարել կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճն առանց համազգային լոքդաունի: Այդ մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Նաֆթալի Բենեթը, հաղորդում է AP-ն:
«Ամենահեշտն է անել այն, ինչ նրանք (նախկին իշխանությունները – խմբ.) արել են վերջին 1,5 տարին, եւ հայտարարել լոքդաունի մասին: Սակայն մենք գերադասում ենք ուրիշ մոտեցում»,-ասել է Բենեթը մամուլի ասուլիսի ժամանակ: «Մեզ համար մարդկանց իրենց տներում կողպելը վերջին միջոցն է»:
Վերջին շրջանում վարակվածների օրական աճը գերազանցել է 700-ը: Եւ դա չնայած աշխարհում պատվաստումների ամենաարագ արշավներից մեկին: Իսրայելը 9,3 միլիոն բնակչությունից ավելի քան 5,7 միլիոն մարդ է պատվաստվել առնվազն մեկ դեղաչափով: Շուրջ 5,2 միլիոն մարդ ստացել է երկու չափաբաժիններն էլ:
Իսրայելում գործում է փակ տարածություններում դիմակներ կրելու պահանջ, սակայն վատ է պահպանվում անգամ հանրային տրանսպորտում եւ հիվանդանոցներում: Բենեթն ասել է, որ ոստիկանությանը կարգադրել է դիմակներ կրելու կանոնները պահպանելու շուրջ խստացնել հսկողությունը:





























