ԱՄՆ-ը պաշտոնապես մեկնարկում է 20 տարի տեւած պատերազմի ընթացքում ամերիկյան զորքերին աջակցած աֆղանստանցիներին տարհանելու «դաշնակիցների ապաստան» գործողությունը, որոնց կյանքին վտանգ է սպառնում թալիբների կողմից, հայտնել է The Hill-ը:

Ներգաղթի հատուկ վիզաների (SIV) ստացման գործընթացում գտնվողների համար Աֆղանստանից թռիչքները կսկսվեն հուլիսի վերջին շաբաթվա ընթացքում, ասվում է Ջո Բայդենի վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյայի հայտարարության մեջ:

«Ինչպես պարզաբանեց նախագահը, Միացյալ Նահանգները շարունակում է վստահ լինել, որ աֆղանստանցի զինվորականներն ունեն երկիրը պաշտպանելու գործիքներ եւ կարողություններ, եւ հակամարտությունը, ի վերջո, պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ», - հավելել է պաշտոնյան:

Բայդենի վարչակազմը բախվում է օրենսդիրների եւ աֆղանստանցիների տարհանման կողմնակիցների կողմից աճող ճնշման հետ, որոնք պատերազմի ընթացքում ծառայել են որպես թարգմանիչներ կամ այլ կերպ են աջակցել ԱՄՆ զինված ուժերին, քանի որ Միացյալ Նահանգները մոտ է Աֆղանստանից վերջնականապես դուրս գալուն:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարությունն այս շաբաթ հայտարարել է, որ զորքերի դուրսբերումը մոտ 95 տոկոսով ավարտված է:

Զորքերի դուրսբերման ֆոնին թալիբները հաջողություններ են գրանցել մարտի դաշտերում՝ գրավելով մի քանի առանցքային սահմանային անցումներ եւ անցնելով հյուսիսով:

Վախենալով, որ «Թալիբան»-ը կարող է գրավել երկիրը, օրենսդիրները ահազանգում են SIV ծրագրում ձգձգումների կապակցությամբ, որպեսզի աֆղանստանցիներին, ովքեր պատերազմի ընթացքում աջակցել են ԱՄՆ կառավարությանը, թույլ տրվի մեկնել Միացյալ Նահանգներ:

Մոտավորապես 18.000 դիմողներ արդեն սպասում են վիզաների ստացմանը, եւ ընտանիքների շուրջ 53.000 անդամներ ցանկանում են միանալ նրանց: Տրամադրման գործընթացը կարող է տեւել մինչեւ 800 օր: